կարևոր
484 դիտում, 3 շաբաթ առաջ - 2022-04-23 10:18

Իշխանության մեթոդները ծիծաղելի են. «Փաստ»

Իշխանության մեթոդները ծիծաղելի են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այսօր ժամը 19:15-ին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է ավանդական համազգային ջահերով երթը: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Փաստի» հետ զրույցում նախ նշել է, որ այն Դաշնակցության երիտասարդական միության կողմից կազմակերպվում է արդեն 23 տարի: Նա ծիծաղելի է համարում վերջին մի քանի օրերին իշխանական շրջանակների այն դիտարկումները, թե երթը այսուհետ քաղաքականացված է:

«Հասկանալի է, թե ինչ են փորձում ասել: Իրականում բազմիցս, նաև այս տարի, որպես կազմակերպիչներ, փաստում ենք, որ սա միասնականության, ազգային միասնության երթ է: Խոսքը մի թեմայի մասին է, որի շահառուները մենք բոլորս ենք: Բոլորի նախնիներին էլ առնչվել է Հայոց ցեղասպանությունը: Հիմա իշխող ուժը փորձում է ամենատարբեր մանիպուլ յացիաներն օգտագործել՝ ասելով, թե երթը քաղաքական է, կուսակցական է: Եթե այդպես նայենք, այո՛, սա ամենաքաղաքական թեման է այն իմաստով, որ Հայոց ցեղասպանությունն իրականացվել է քաղաքական որոշման արդյունքում: Այն ժխտելը ևս քաղաքական որոշման հետևանք է: Բայց այստեղ կրկին հարկ է նշել թեմայի վերկուսակցական լինելու մասին. Հայոց ցեղասպանության թեման որևէ ուժի սեփական թեման չէ: Եվ, ընդհանրապես, ծիծաղելի են այն մեթոդները, որոնցով իշխանությունը փորձում է այնպես անել, որ ապրիլի 23-ին քիչ մարդ լինի»:

Անդրադառնալով արդեն բուն երթին ու խորհրդին հատկապես այս փուլում՝ նա հավելեց. «Ցեղասպանության համատեքստում մեր հետ կատարվածը հիշելու, արդար հատուցում պահանջելու խորհուրդն ունի ջահերով երթը: Այդ խորհուրդը չի փոխվել: Ի տարբերություն ապրիլի 24-ի, ապրիլի 23-ի երթը բացառապես պահանջատիրական է, այնտեղ կա պայքար: Ջահը, որը երիտասարդները տանում են Ծիծեռնակաբերդ, հենց այդ պայքարն է խորհրդանշում: Այս տարի հատկապես վերջին իրադարձությունների համատեքստում մասնակցությունը ջահերով երթին էլ ավելի է կարևորվում, որովհետև 2020 թվականի պատերազմից ի վեր կատարվողը Հայոց ցեղասպանական նույն ծրագրի իրականացման հերթական փորձերի տրամաբանության մեջ է: Թշնամիները չեն փոխվել, թշնամական ծրագիրը՝ ևս: Մինչդեռ տպավորություն է, թե մենք, կարծես, չենք հասկացել՝ ինչ է տեղի ունեցել մեզ հետ 107 տարի առաջ, և որ հիմա այդ ծրագիրը շարունակվում է»:

Շեշտելով նաև այսօր առկա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում կոչված գործընթացների, դրանց շուրջ քննարկումների մասին՝ նա հավելեց. «Հայաստանը ներկայացնողներն ասում են, որ իրենց համար թշնամու կողմից ներկայացված նախապայմաններում որևէ խնդիր չկա: Այս իմաստով ևս բոլորիս պարտականությունն է մասնակցել երթին՝ ասելու, որ մենք համաձայն չենք այդպես անզեն, բաց ձեռքերով ու գլուխներս կախ հանձնվել Թուրքիայի ու Ադրբեջանի «գթասրտությանը»»:

Նշենք, որ մինչև ապրիլի 24-ը իշխող ուժը հրաժարվել է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների համար տրամադրել ԱԺ դահլիճը: Անդրադառնալով նման մոտեցմանն ու հաշվի առնելով, որ լսումները վերաբերելու էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին, պատգամավորը հավելեց. «Մենք, ցավոք, պետք է արձանագրենք, որ մեր երկրի, պետության, մեր բոլոր քաղաքացիների ու հայրենակիցների համար այս վճռորոշ պահին ունենք իշխանության ղեկին գտնվողներ, որոնք նաև օբյեկտիվ ու սուբյեկտիվ կաշկանդումներ ունեն: Իրենք պարտության փաստաթուղթ են ստորագրել, իրենք պարտության ու ամոթի մարմնացումներ են, որոնք հիմա շարունակում են բանակցությունները: Իրենք մարդիկ են, որոնց թշնամական պետությունների ղեկավարները դիմել են ամենատարբեր անուններով, ու մինչ օրս այդ վերաբերմունքը շարունակվում է: Եվ այս պայմաններում ակնհայտ է, որ կան չհրապարակված նախապայմաններ, որոնք փորձում են բավարարել ու այդպիսով փորձել պահպանել միայն սեփական իշխանությունը: Այդ նախապայմաններից է Արցախ չգնալը, Արցախից հրաժարվելը, Հայոց ցեղասպանության համատեքստում պահանջատիրությունից հրաժարվելը, ընդհանրապես, Հայոց ցեղասպանություն, Արցախի Հանրապետություն տերմինները չօգտագործելը: Նշված լսումներն ապօրինի կերպով արգելելը փաստում է, որ, երևի, վերջին բանակցություններում իրենք պարտավորվել են չարծարծել, չբարձրաձայնել թեման, այնպես անել, որ Հայաստանում թեման մոռացության մատնվի և կարողանան իրենց կողմից «քաղաքակիրթ» որակված գործընկերների հետ ասել, որ հայ ժողովուրդը չի հիշում ու չի պահանջում: Սա է պատճառը, որ մեր գործողությունները ճիշտ հակառակի մասին պետք է լինեն»:

Այս համատեքստում անդրադառնալով նաև առաջիկայում՝ ապրիլի 25-ից սպասվելիք լայնամասշտաբ գործողություններին, նաև արդեն առկա ապակենտրոն պայքարին՝ պատգամավորը նշեց. «Մեզ միավորող հանգամանքներն ավելի շատ են, քան բաժանարար գծերը: Որքան էլ փորձեն մեզ հակառակում համոզել, իրականում հայ ժողովրդի զավակների բացարձակ մեծամասնությունն ուզում է պետություն ունենալ, ապրել անվտանգ երկրում, հայկական Արցախ ունենալ, ուզում է նաև, որ իր իրավունքները պաշտպանված լինեն: Հետևապես, եթե ամրագրում ենք այս հաստատումները, ապա նշվածներին հասնելու միակ ձևը համախմբումն է, որովհետև Հայաստանում մեկ քաղաքական ուժ, մեկ անձ չկա, որը կարող է միայնակ այս ճգնաժամը հանգուցալուծել: Հետևապես՝ ճգնաժամի հանգուցալուծման միակ ճանապարհը համախմբումն է. բոլոր կարող անհատների և կարող ուժերի պարտականությունն այդ համախմբումն ապահովելն է դառնում: Պայքարը պետք է լինի ոչ թե որևէ այլ բանի, այլ նպատակի համար, որովհետև մենք նախ պետք է տուն ունենանք, որ հետո այդ տանը կարողանանք մեր հարցերը լուծել»:

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում