կարևոր
619 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-23 09:34

Հայոց ցեղասպանության թեման և հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» մութ կողմերը. «Փաստ»

Հայոց ցեղասպանության թեման և հայ-թուրքական հարաբերությունների «կարգավորման» մութ կողմերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վաղը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է։ Իսկ արդեն այսօր երեկոյան նախատեսվում է ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։ Ճիշտ է՝ ջահերով երթը ամեն տարի ապրիլի 23-ի երեկոյան իրականացվել է, սակայն այս տարի տեղի է ունենալու առանձնահատուկ պայմաններում՝ հաշվի առնելով, որ այժմ բավականին խորքային գործընթացներ են տեղի ունենում։ Արցախյան պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը հունի մեջ է մտել, և այդ նպատակով թուրքական և հայկական կողմերը հատուկ բանագնացներ են նշանակել, որոնց միջև արդեն մի քանի հանդիպում է տեղի ունեցել։ Հայկական կողմը հայտարարում է, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների, բայց իրականությունն այլ է, քանի որ Անկարան հայտարարում է, թե իրենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը և սահմանների բացմանը կգնան, եթե դրան համաձայն լինի Բաքուն։

Իսկ Ադրբեջանը մեկը մյուսի հետևից նախապայմաններ է առաջ քաշում։ Ադրբեջանի կողմից հայկական կողմին ներկայացված 5 կետանոց առաջարկն ի՞նչ է, եթե ոչ վերջնագրային նախապայմաններ։ Բայց փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանական պահանջները 5 կետերով չեն վերջանալու, դրանց՝ Հայաստանի կողմից ընդունվելուց հետո նոր նախապայմաններ ևս առաջ են քաշվելու։ Մյուս կողմից էլ՝ հայտնի չէ, թե թուրքական կողմն իր հերթին առանձին ի՞նչ նախապայմաններ է առաջ քաշում։ Չէ, ընդհանուր առմամբ հասկանալի են թուրքերի ցանկությունները, բայց գոնե պատվիրակների հանդիպումների և քննարկումների բովանդակային մասը մինչև հիմա շատ մշուշապատ է մնում հայ հասարակության համար։ Այսուամենայնիվ, հստակ է, որ թուրքերի առաջնային նախապայմաններից մեկը եղել է Հայոց ցեղասպանության թեման «փակելը»:

Ահա այս կոնտեքստում առավել ուշագրավ են այս օրերի իրադարձությունները: Նախ՝ արձանագրենք, որ իշխանությունները, ոտնահարելով ՀՀ Սահմանադրությունը, թույլ չտվեցին ապրիլի 21-ին խորհրդարանում «Հայաստան» դաշինքի նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման թեմայով լսումները։ Կան գնահատականներ, որ դրանով ապրիլի 24-ին ընդառաջ իշխանությունները հատուկ ժեստ են կատարում՝ ուղղված Թուրքիային, իսկ մյուս կողմից էլ՝ նպատակ չունեն հանրայնացնել այն գործընթացների մանրամասները, ինչ խորքային առումով տեղի է ունենում հայ-թուրքական հարաբերությունների կոնտեքստում։ Բացի դրանից, իշխանությունները փորձում են թույլ չտալ, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում ներկայացվեն հանրության և ընդդիմության կարմիր գծերը, ինչն իրենց կարող է կաշկանդել բանակցությունների ընթացքում զիջումների գնալու համար։ Եվ, ընդհանուր առմամբ, ցանկացած քննարկում, որը ընդդիմության նախաձեռնությամբ տրամաբանորեն ենթադրում է հակաթուրքական կամ հակաադրբեջանական տոնայնություն, մեր իշխանությունները, որպես կանոն, ձախողում են։

Կրկնենք՝ ժխտողականությամբ առաջնորդվող պաշտոնական Անկարային ամենից շատ անհանգստացնող խնդիրներից մեկը վերաբերում է Հայոց ցեղասպանության թեմային, քանի որ Թուրքիայի համար միշտ էլ ամենացավոտ հարցն է եղել: Ճիշտ է՝ այս տարվա հունվարին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը շտապում էր հայտարարել, թե Ցեղասպանության հետ կապված նախապայման Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում չկա, բայց այդ հայտարարությունից առաջ տեղի էր ունեցել հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպումը Մոսկվայում, և, բնականաբար, այն ավելի շատ ճանաչողական բնույթ է կրել, ու դժվար թե Թուրքիան միանգամից անցներ նախապայմաններին:

Այլ հարց է, որ նմանատիպ պահանջներ կարող են առաջ քաշվել արդեն բովանդակային բանակցությունների ընթացքում։ Հետաքրքրական է, որ 2021-2026 թթ. կառավարության ծրագրում գրված է, թե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, ինչը լինելու է իրենց առաջնահերթությունների շարքում: Բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ այս իշխանությունների ոչ մի խոսքին հավատալ չի կարելի: Եվ պատահական չէ, որ հանրության շրջանում կասկածները չեն վերանում՝ կապված Հայոց ցեղասպանության հարցում իշխանությունների կողմից զիջումներ կատարելու մասով, ինչը հետո նրանք կարող են արդարացնել անվտանգության երաշխիքների ամրապնդման անհրաժեշտությունից ու Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բեռը ամբողջովին գցել Սփյուռքի պատասխանատվության դաշտ՝ հայտարարելով, թե Սփյուռքն է այդ հարցը բարձրացնում։ Ի դեպ, այս մասին Փաշինյանն արդեն ակնարկներ արել է։

Արցախում ակտիվ ռազմական գործողությունների դադարեցումից ի վեր Փաշինյանն ու իր թիմն, ըստ էության, թուրք-ադրբեջանական կողմին միայն զիջումներ կատարելով ու դրանց համար հիմնավորումներ ներկայացնելով են զբաղված։ Իսկ քաղաքացիների աչքը տեսածից է վախենում։ Ուստի բնական է, որ շատերն արդեն համոզված են, որ հանուն իրենց աթոռի իշխանություններն ամեն ինչի պատրաստ են։ Իսկ երեկոյան տեղի ունենալիք ջահերով երթի բազմամարդությունը ցույց կտա հայության միակամությունը և համախմբվածությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հարցում որևէ զիջման չգնալու և իր վերջնական հանգրվանին հասցնելու հարցում։

Հ.Գ.-Ի դեպ, այս կոնտեքստում հետաքրքիր կլինի հետևել Նիկոլ Փաշինյանի ուղերձին, այդ ուղերձի ամեն մի ձևակերպմանը ու, ըստ այդմ, գունապնակն առավել հստակ կլինի...

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում