կարևոր
1585 դիտում, 10 ամիս առաջ - 2022-04-22 21:53

Ալիևը Շուշիից սպառնում է հայերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Բաքվի բռնապետը, հորինված պատմությամբ ու Հայաստանին ուղղված սպառնալիքների նոր չափաբաժնով, բռնազավթված Շուշիում է: Հայկական պատմական հողում անցկացնում է, այսպես կոչված, «Աշխարհի ադրբեջանցիների» հինգերորդ համագումարը, որի նախորդ բոլոր հավաքներն անցկացվել էին Բաքվում: Իլհամ Ալիեւը սպառնում է չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, եթե չստորագրվի խաղաղության պայմանագիրը Բաքվի առաջարկած 5 սկզբունքների հիման վրա, ինչն էլ ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում: Ալիեւը հիշեցնում է՝ Հայաստանի գործող իշխանությունն ընդունել է այդ սկզբունքները: Ալիեւի վախը ռեւանշիստական ուժերն են ու, իր խոսքով, դրսում ապրող հայերը: 
Հայաստանի գործող ղեկավարությունն իսկապես բազմիցս հայտարարել է, որ Բաքվի ներկայացրած հինգ սկզբունքներն ընդունելի են, թեեւ արտգործնախարարությունից նշել են, որ պետք է ավելացնել նաեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Սրան Ալիեւը չի անդրադառնում, ասում է միայն, որ ներկայում 2 երկրների արտգործնախարարներն աշխատանքային խմբեր են ձեւավորում: 
Չակերտավոր խաղաղության ձգտող, միեւնույն ժամանակ հայերին նորից թշնամի ու ֆաշիստ անվանող Ալիեւը ստում է՝ ասելով, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ չունի, ապա հայկական հողի վրա կանգնած կրկնում է իր այն կեղծ թեզը, թե Զանգեզուրն ադրբեջանական տարածք է: Ալիեւը հերթական անգամ հարձակվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա՝ ասելով, թե այն ստեղծվել էր ոչ թե հակամարտության լուծման, այլ, իր բնորոշմամբ, օկուպացիան հավերժ դարձնելու համար: 
Վերջում Ալիեւը պահանջել է դրսում ապրող ադրբեջանցիներից իր ստերը, Ադրբեջանի հորինված պատմությունը հրամցնել միջազգային հանրությանը, այն երկրների ժողովուրդներին, որտեղ բնակվում են: 

Մանրամասները՝  Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում