Արցախի Շուշի քաղաքում, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Բաքվի վերահսկողության տակ, ապրիլի 22-ին մեկնարկել է Աշխարհի ադրբեջանցիների 5-րդ համագումարը, որի ժամանակ Իլհամ Ալիևն անդրադարձել է Հայաստանի հետ հարաբերություններին, գրում է minval.az-ը:
Ալիևը ևս մեկ անգամ կոչ է արել կոնկրետ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար։
«Եթե Հայաստանում կան որոշակի ուժեր, որոնք դեռ մտածում են ռևանշիզմի մասին և դրա հիման վրա խոչընդոտում են խաղաղության պայմանագրի ստորագրումն ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, ապա մենք ստիպված կլինենք համարժեք քայլերի դիմել և չճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»։
«Չնայած պատերազմի ավարտին, Հայաստանի տարածքային պահանջները չեն ավարտվել, բայց ես վստահ եմ, որ դրանք կդադարեն: Վստահ եմ, որ հետկոնֆլիկտային շրջանում մեր ձեռնարկած գործողությունների արդյունքում մենք կվերացնենք Հայաստանի և աշխարհի հայերի տարածքային պահանջներն Ադրբեջանի դեմ։ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի այլ երկրներից, բայց մենք էլ մեր տարածքը ոչ մեկին չենք զիջի»,- ասել է Ալիևը։
Նման հայտարարությամբ Իլհամ Ալիևը հանդես է եկել իրենց կողմից օկուպացված Շուշիում՝ այսօր։ Նա հերթական անգամ փորձել է նաև կեղծել պատմական փաստերը՝ հայտարարելով՝
«Մենք, անշուշտ, պետք է միջազգային հանրությանը տեղեկացնենք ադրբեջանական ժողովրդի նկատմամբ իրականացված անարդարությունների մասին, պատմական փաստ է, որ խորհրդային իշխանությունը, Զանգեզուրն Ադրբեջանից անջատելով, այն հանձնեց Հայաստանին»: