կարևոր
709 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-22 11:16

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Թուրքիայում մի շարք միջոցառումներ կանցկացվեն

Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այս տարի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, մի շարք միջոցառումներ կանցկացվեն: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի հայերեն բաժնի գլխավոր խմբագիր Բագրատ Էստուկյանը նշեց, որ վերջին երկու տարիներին համավարակով պայմանավորված սահմանափակումներ էին և հանրային վայրերում միջոցառումներ անցկացնելու մեծ հնարավորություններ չկային: Այս տարի համաճարակային առումով իրավիճակը բարելավվել է, և ապրիլի 24-ին հայ համայնքի ներկայացուցիչները մի շարք միջոցառումներ են անցկացնելու: Մասնավորապես, Բեշիկթաշ թաղամասում հավաք է նախատեսված ապրիլի 24-ին՝ երեկոյան ժամը 19:00-ին: Այդ օրը լրատվամիջոցների համար հայտարարությամբ հանդես կգա «Մարդու իրավունքների միություն»-ը:

«Ապրիլի 24-ի կեսօրին նախատեսվում է այցելություն Սևակ Բալըքչըի շիրիմին: Նա այն երիտասարդ շարքային զինվորն է, որը 2011 թվականի ապրիլի 24-ին իր ծառայած զորամասում սպանվեց ատելության հողի վրա: Նախորդ շաբաթ «Շաբաթօրյա մայրեր» կազմակերպությունը հայտարարությամբ հանդես եկավ և հիշատակեց Հայոց ցեղասպանության զոհերին՝ իբրև պետության կողմից բերման ենթարկվածների, անհետ կորածների»,-ասաց Բագրատ Էստուկյանը:

Ստամբուլում ապրիլի 24-ին տարբեր դահլիճներում նախատեսված են Հայոց ցեղասպանության թեմայով քննարկումներ, ասուլիսներ: Բագրատ Էստուկյանը նշեց, որ տեղի մի շարք հեռուստաընկերություններ նաև հաղորդումներ են պատրաստել Հայոց ցեղասպանության թեմայով, որոշներին իրենք նույնպես մասնակցելու են:

Ի՞նչ քննարկումներ են ծավալվում վերջին շրջանում Հայաստան-Թուրքիա երկխոսության հարցի շուրջ և որքանով է դա իր ազդեցությունը թողնում Հայոց ցեղասպանության հարցի վրա: Բագրատ Էստուկյանի խոսքով՝ Թուրքիայում մեծ քննարկումներ այդ հարցի շուրջ չկա:

«Մեծ հաշվով երկխոսություն չկա: Բանագնացները հանդիպում են, սակայն չգիտենք, թե ինչ են խոսում: Մամուլով ծանոթանում ենք, որ Վիեննայում, Մոսկվայում հանդիպեցին, սակայն դա երկխոսություն դեռ չի նշանակում, որովհետև որևէ արդյունք, զարգացում, առաջընթաց չկա: Թուրքիայում այդ հարցի հետ կապված արձագանք էլ չկա: Այդ թեման, կարծես, թե Հայաստանի համար ավելի հրատապ է ու այդտեղ ավելի շատ են հետաքրքրվում զարգացումներով, սակայն այն Թուրքիայում օրակարգի նյութ չէ, շոշափելի արդյունք չկա»,-ասաց Բագրատ Էստուկյանը: