կարևոր
571 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-22 10:19

Ժողովրդին քեզ հանցակից մի՛ դարձրու․ Արթուր Խաչատրյան

Ժողովրդին քեզ հանցակից մի՛ դարձրու․ Արթուր Խաչատրյան

Դեռ ՔՈՎԻԴ 19-ի համավարակի օրերին տարածած մի տեսաուղերձում Փաշինյանը մի միտք արտահայտեց, որի էությունը հետևյալն էր՝ եթե կառավարությունը մեղավոր է, ապա մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությունը ձևավորել։ Իհարկե, այս տրիվիալ ճշմարտության հետ հնարավոր չէ չհամաձայնել։ Սակայն, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (այն ժամանակ դեռ «Իմ քայլը» դաշինքի) միջին վիճակագրական ընտրողին անընդհատ համոզում ես, որ դու ես իշխանություն ձևավորել, դու մասնակցում ես երկրի կառավարմանը, և դու պատասխանատու ես բոլոր ձախողումների համար, միջին վիճակագրական ընտրողն ավելի փութաջանորեն է հաջողություններ փնտրում (կամ գոնե իրեն համոզում, որ դրանք կան) և շատ ավելի «ներողամիտ» է լինում ձախողումների նկատմամբ։

Փաշինյանն ունիկալ չէ։ Մարդկության պատմության մեջ շատերն են իրենց քայլերը կատարել ժողովրդի անունից, հանուն ժողովրդի կամ ժողովրդի «պահանջով»։ Հին աշխարհի դեմագոգներից մինչև նորօրյա պոպուլիստ մանիպուլյատորներ հղում են կատարում հենց ժողովրդին, որպեսզի հիմնավորեն, արդարացնեն իրենց վարած քաղաքականությունը կամ քննադատեն ու հայհոյեն այլոց։ Նացիստական Գերմանիայի քարոզչության (պրոպագանդայի) նախարար Յոզեֆ Գեբելսը 1943 թվականի փետրվարին արտասանած իր ծավալուն «Ժողովո՛ւրդ, ոտքի կանգնիր և թող մոլեգնի փոթորիկը» (Volk steh auf, und Sturm brich los!) ելույթում «ժողովուրդ» բառը կիրառել է․․․ 98 անգամ։ Տեղին է հիշել, որ թե՛ հիտլերյան Գերմանիայում, թե՛ լենին-ստալինյան ՍՍՀՄ-ում բոլոր հանցագործությունների «շահառուն և պահանջատերը» ժողովուրդն էր։ Ի դեպ, սովորաբար, հենց նման «ժողովրդասեր» երկրներում ժողովրդի կարծիքի հետ ընդհանրապես հաշվի չեն նստում։ Օրինակ՝ ժողովրդավար Հայաստանում ժողովրդասեր, ժողովրդի վարչապետ Փաշինյանը, որը դեռ 2018-ին սրտնեղում էր, որ ժողովուրդն իրեն չի ասել, թե ինչպես լուծի Արցախի հարցը, խոստանում էր, որ հրապարակում հավաքված ժողովուրդը պետք է որոշում կայացնի, 2020-ին ժողովրդից ծածուկ, ժողովրդի թիկունքում ստորագրեց անվերապահ կապիտուլյացիայի մասին հայտարարությունը։

Այնպես որ՝ պատահական չէ, որ Փաշինյանը դեռ երկու տարի առաջ ժողովրդին հիշեցրեց կառավարության ձախողումների համար ժողովրդի պատասխանատվության մասին։ Այսօր էլ է Փաշինյանն իր քայլերն արդարացնում ժողովրդից ստացած մանդատով, ժողովրդի պահանջով։ «Ժողովուրդը մեզ խաղաղության դարաշրջան բացելու մանդատ է տվել»․․․ Այստեղ տեղին է հիշել, թե, վերջիվերջո, ժողովուրդը Փաշինյանին ինչ մանդատ է տվել։

Եթե առաջնորդվենք ռացիոնալ տրամաբանության կանխավարկածով, ապա մեր 688 761 հայրենակիցներ վստահել էին Փաշինյանի նախընտրական խոստումներին և իրենց քվեով նրան մանդատ տվել՝ իրականացնելու հենց այդ նախընտրական խոստումները։ Այս և նախորդ ընտրություններից առաջ ժողովրդին՝ Փաշինյանի տված բոլոր խոստումներին այստեղ չանդրադառնանք, հիշենք միայն նրա արցախյան խոստումները, խոստումներ, որոնց դիմաց նա քվե ստացավ, խոստումներ, որոնք նա պարտավոր է կատարել կամ հրաժարական տալ, եթե չկարողանա դրանք իրականացնել, ինչպես, օրինակ, Ճապոնիայի վարչապետ Յուկիո Հաթոյաման, որը հրաժարական տվեց, քանի որ գիտակցեց, որ չէր կարողանալու իրականացնել ամերիկյան զորքերն Օկինավա կղզուց հանելու՝ իր նախընտրական խոստումը։ Փաշինյանը խոստացել էր, որ մոտակա տարիներին իր գլխավոր խնդիրը պետք է լիներ «Ղարաբաղյան հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորումը՝ հիմնված Արցախի ժողովրդի ինքնորոշման՝ առանց սահմանափակումների իրականացման վրա, որը բխում է Արցախի ժողովրդի գոյութենական վտանգներին դիմակայելու անհրաժեշտությունից։» Իր նախընտրական այս խոստումը Փաշինյանը հիմնավորել էր այն պարզ տրամաբանությամբ, որ «Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել Ադրբեջանի ենթակայության ներքո»։ Փաշինյանը Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը տեսնում էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացման և Արցախի կարգավիճակի վերջնական հստակեցման տեսքով՝ առաջնորդվելով «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքով: Ընտրություններից առաջ նա խոստանում էր, որ «բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթություններից է լինելու այն տարածքների դեօկուպացիան, որի վրա ինքնորոշվել է Արցախի ժողովուրդը, նախևառաջ նախկին ԼՂԻՄ բնակավայրերի վերադարձն Արցախի վերահսկողության ներքո…»։ Ավելի պարզ՝ Փաշինյանն ու նրա թիմակիցները խոստացել էին ազատագրել Արցախի՝ առնվազն ԼՂԻՄ հատվածը, խոստացել էին հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը։ Ժողովուրդը (իսկ ավելի ստույգ՝ ժողովրդի այն հատվածը, որը քվեարկել էր Փաշինյանի օգտին) հավանություն էր տվել Փաշինյանի նախընտրական ծրագրին, հավատացել էր նրան և նախընտրական խոստումներն իրականացնելու համար մանդատ տվել։ Փաշինյանին ընտրողները նրան մանդատ չեն տվել, որ խաղաղության անվան տակ երկիրը տանի նոր կապիտուլյացիայի, մանդատ չեն տվել, որ նա «իջեցնի Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը», մանդատ չեն տվել, որ նա և նրա քաղաքական պատասխանատուները հրաժարվեն միանշանակ հայտարարելուց, որ Արցախը, որևէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում, մանդատ չեն տվել, որ խորհրդարանի խոսնակը, որը նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հայաստանյան համանախագահն է, հրաժարվի հանձնաժողովի նիստ գումարելուց, մանդատ չեն տվել, որ ՔՊ-ական որոշ պատգամավորներ բացեիբաց խոսեն Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին (ինչ-որ անհասկանալի կարգավիճակով), մանդատ չեն տվել, որ կարկառուն ՔՊ-ական մի պատգամավոր Արցախի դրոշն իջեցնի Հայոց խորհրդարանի ամբիոնից․․․

Փաշինյանը սա գիտի, շատ լավ գիտի։ Եվ նաև գիտեր, որ իր նախընտրական խոստումների կատարման հարցը ծառանալու է իր առջև։ Սա էր պատճառը, որ նախընտրականից կառավարության ծրագրին անցման ժամանակ քաղաքական մեծամասնության խոստումներն էական փոփոխություն կրեցին։ Կառավարության ծրագրում Արցախի դեօկուպացիայի դրույթը փոխարինվեց խորհրդավոր և անհասկանալի «խաղաղության օրակարգով», իսկ ծրագրի կատարման հաշվետվության ներկայացման ժամանակ «Անջատում՝ հանուն փրկության» սկզբունքի փոխարեն առաջարկվեց իջեցնել «Արցախի կարգավիճակի նշաձողը»։ Հաշվարկը պարզ էր․ կառավարությունը հաշվետվություն է ներկայացնելու իր ծրագրի, այլ ոչ թե ընտրությունների նախաշեմին ժողովրդին տված խոստումների կատարման համար։ Իսկ որպեսզի ժողովուրդն իրեն արհամարհված չզգա, կարելի է կիրառել Գեբելսի քարոզչական հնարքը՝ անընդհատ հիշատակել ժողովրդին, «կարևորել» ժողովրդին և սեփական քայլերը հիմնավորել «ժողովրդի կամքով»։ Չէ՞ որ Փաշինյանը նույնիսկ վարչապետության իր «խաչը» կրում է ժողովրդի և Աստծո կամքով․ ավելի պարզ՝ ժողովո՛ւրդ, դու ցանկացար, որ ես դառնամ վարչապետ, և եթե ես ինչ-որ վատ բան անեմ, դու ես մեղավորն ու պատասխանատուն, քանի որ դու ինձ ընտրեցիր։

Իսկ Փաշինյանը գիտի, որ խաղաղության անվան տակ իր շարունակական միակողմանի զիջումներն Ադրբեջանին ու Թուրքիային հանցանք են ազգի առաջ, հանցանք են հազարավոր նահատակ հերոսների առաջ, հանցանք են գալիք սերունդների առաջ։ Այդ «խաչը» ծանր է Փաշինյանի և նրա թիմակիցների համար։ Նրանց այլ մեղավորներ ու հանցակիցներ են պետք։ Հանցակիցներ, որոնց նրանք կարող են մեղադրել սխալ ընտրություն կատարելու համար։ Եվ Փաշինայնը դարձյալ հիշում է ժողովրդին․․․

Արթուր Խաչատրյան
ՀՅԴ անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր