կարևոր
1654 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-21 21:58

Հանրային քննարկում՝ Ազատության հրապարակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Խորհրդարանական դահլիճում խորհրդարանական լսումների փոխարեն՝ ընդդիմադիր պատգամավորները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարմիր գծերի մասին քննարկումները ստիպված անցկացնում են Ազատության հրապարակում: Այդ թեմայով «Հայաստան» խմբակցության հայտարարության նախագծին նվիրված լսումները Ազգային ժողովում պետք է անցկացվեին ապրիլի 21-ին, բայց չեղարկվել են, ընդդիմադիրների որակմամբ, իշխանությունների ապօրինի որոշման հետեւանքով: Ազգային ժողովի աշխատակազմից հայտարարում են, թե պատճառները տեխնիկական են. ապրիլի 21-23-ը Ստեփանավանում անցկացվելու է Հայաստան-Ռուսաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ եւ տեխնիկական ամբողջ անձնակազմը գտնվելու է այնտեղ: Ընդդիմությանն առաջարկում են լսումներն անցկացնել ապրիլի 24-ից հետո: 
Նախագծով՝ ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորել փուլային եղանակով՝ որպես մեկնակետ ընդունելով դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ Թուրքիայի կողմից Հայաստանի ապաշրջափակումը: Իսկ հետագա հարաբերությունները, պետք է կառուցվեն՝ նկատի ունենալով 7 հիմնարար սկզբունք: Առաջինը՝ Հայաստանի քայլերը պետք է ներդաշնակ լինեն հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի 2010 թվականի հունվարի 12-ի որոշման իրավական դիրքորոշումներին եւ սահմանադրական կարգի հիմնարար սկզբունքներին: 
Իսկ անկախության մասին հռչակագրով, օրինակ, Հայաստանը սատար է կանգնում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին: Եվ ընդդիմադիրների առաջարկած հաջորդ 2 կետով էլ՝ Հայաստան-Թուրքիա հարաբերություններում պետք է բացառել որեւէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Ցեղասպանության իրողությունը, պետք է առաջնորդվել Հայաստանի եւ Սփյուռքի միասնական կամքով՝ Հայոց ցեղասպանության փաստի համաշխարհային ճանաչման հասնելու եւ Ցեղասպանության հետեւանքների հաղթահարման հարցում: 
Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն Հայաստանը երբեք էլ դեմ չի եղել. պնդում է բացօթյա հանրային այս քննարկմանը հրավիրված թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ կեղծ որակելով այն թեզերը, թե մասնագիտական հանրությունը դեմ է հարաբերությունների կարգավորմանը: Հայաստանը պարզապես երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով եւ թուրքական նախապայմաններով շարժվելուն: 
Եվ վերջում ընդդիմադիր պատգամավորները վստահեցրին՝ այս թեմայով խորհրդարանական լսումներ, այնուամենայնիվ, անցկացվելու են, բայց արդեն հաջորդ շաբաթ:

Մանրամասները ներկայացնում է Մարինե Մելիքսեթյանը