Կրեմլում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանն այդ երկրի Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Մարիուպոլ քաղաքն, ընդհանուր առմամբ, իրենց վերահսկողության տակ է: Շոյգուն նաեւ հավելել է, որ «Ազովստալ» մետալուրգիական գործարանում արգելափակված է գրեթե 2 հազար ուկրաինացի զինվորական, իսկ 1.478-ն արդեն հանձնվել են: Նախարարի խոսքով՝ «Ազովստալի» գործողությունն ավարտելու համար ռուսական կողմին 3-4 օր է պետք: Վլադիմիր Պուտինն էլ ասել է, թե ռուս զինծառայողների կյանքը պահպանելու նկատառումներից ելնելով՝ «Ազովստալի» վրա հարձակումը նպատակահարմար չէ, եւ հրահանգել է չեղարկել գրոհը, սակայն այնպես արգելափակել այդ արդյունաբերական տարածքը, որ ճանճ անգամ չթռչի:
Ռուսաստանը փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ նոր հրթիռ, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: «Սարմատ» կոչվող հրթիռն արձակվել է Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում գտնվող Պլեսեցկի շրջանից ու խոցել թիրախը Կամչատկա թերակղզում, արձակման վայրից 6000 կիլոմետր հեռավորության վրա: Ռուսաստանի նախագահն ասել է, որ նոր հրթիռն ունի մարտավարական եւ տեխնիկական ամենաբարձր հնարավորությունները ու ի վիճակի է հաղթահարել հակաօդային պաշտպանության բոլոր ժամանակակից համակարգերը: Պուտինը կարծում է, որ այս հրթիռն աշխարհում նմանակը չունի եւ երկարաժամկետ հեռանկարում էլ չի ունենա:
Ռուսաստանը փակում է Պետերբուրգում եւ Պսկովում Լատվիայի հյուպատոսությունները, ինչպես նաեւ Պետերբուրգում Էստոնիայի ու Լիտվայի գլխավոր հյուպատոսությունները. նրանց բոլոր աշխատակիցները հայտարարվել են անցանկալի անձինք:
Մեծ Բրիտանիան ընդլայնել է պատժամիջոցների ցանկը, որում ներառվել են Ռուսաստանի եւս 26 քաղաքացի ու ընկերություն: Ցանկում է հայտնվել նաեւ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Մանրամասները՝ Անահիտ Իվանյանի տեսանյութում