Թաթուլ Կրպեյանի անունը կրող այգում, Ազգային հերոսի հուշարձանի մոտ, նրա ծննդյան օրվա առիթով չորս երիտասարդներ երդվեցին հավատարիմ մնալ դաշնակցության գաղափարախոսությանը: Մինչ երդման արարողությունը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանը հարցերով դիմեց նորագիրներին։
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նորընծա անդամները երդվեցին ազգային հերոսի զենքին եւ եռագույն դրոշին խոնարհված: Երդվեցին հարկ եղած դեպքում կյանքի գնով ծառայել Հայաստանի ազատագրության դատին։
Նորագիրներին առաջինը շնորհավորեց Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը: Նա նշեց, որ անսահման հպարտ է այսօրվա երիտասարդներով եւ վստահ է, որ նրանք կնվիրվեն ազատ, անկախ, միացյալ Հայաստանի գաղափարին: Ասպրամ Կրպեյանը հորը չի հիշում, քանի որ նրա զոհվելու ժամանակ ընդամենը մեկ տարեկան երկու ամսական է եղել: Բայց հոր մասին բազմաթիվ պատմություններ է լսել, հպարտ է, որովհետեւ հայրը նախ եւ առաջ ուսուցիչ էր։
Նաիրա Գալստյանի համար երդվելը կարեւոր եւ սուրբ առաքելություն է: Նա վստահ է իր ուժերի վրա՝ համախմբան համար պատրաստ է գործել։
Թաթուլ Կրպեյանը զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ:1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը:
Թաթուլն ասում էր. Ինչու եք վախենում մահից: Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու: Հողի, ազգի համար: Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի: Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը