Ինչպես տեղեկացրել էինք Ազատության հրապարակում քննարկում է ընթանում «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հայեցակարգային դրույթներ» թեմայով, որին մասնակցում են ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամները։
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն անդրադարձան Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրենց առաջարկն իշխանությունների կողմից մերժելու «պատճառներին»։
«Այն պատճառաբանությունը, որը նրանք են բերում, ուղղակի ծիծաղելի է, որ տեխնիկական պատճառներով չեն կարող կազմակերպել լսումները։ Լսումների կազմակերպումը պարտավորություն է, որը պետք է իրականացվի։ Այն, ինչն իրենք են անում, Սահմանադրության և օրենքների խախտում է»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ Թուրքիան ու Ադրբեջանը անթաքույց հակահայկական ծրագրեր են իրականացնում, պահանջներ են դնում մեր առջև, դրանք պետք է արձագանքի արժանանան։
«Դրանց ադեկվատ չարձագանքելը, չգծելն այն կարմիր գծերը, որոնցից այն կողմ Հայաստանը չի պատրաստվում որևէ զիջում անցկացնել, ուղղակի նշանակում է սպասարկել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը։
Ռուստամյանը նաև հայտարարեց՝ այս քայլով լսումներն ընդհանրապես չեղարկել չի հաջողվի, դրանք կկայանան ավելի ուշ։
ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանն ասաց, որ Հայաստանը երբեք դեմ չի եղել Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն, և հիմա այդ կեղծ քարոզչությունը, որ տարվում է՝ իբրև թե մենք դեմ ենք հարաբերությունների հաստատմանը, դա ուղղակի չի համապատասխանում իրականությանը։
«Ուղղակի Հայաստանը երբեք կողմ չի եղել թուրքական խաղի կանոններով և թուրքական նախապայմաններով հարաբերություններ հաստատելուն, որոնք ուղիղ առնչվում են մեր ազգային ու պետական ինքնությանը և զիջումներ են մեզ համար համազգային ու համապետական կարմիր գծերից․ այդ պայմաններով երբեք համաձայն չենք եղել հարաբերությունների հաստատմանը։ Բայց բանալին այստեղ է՝ Թուրքիան էլ երբեք համաձայն չի եղել այլ ոճով Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել և հիմա էլ նրա այդ համոզումը բացարձակապես չի փոխվել»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը։