Որպես Անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես Արցախի պետականությամբ և արցախցիների ճակատագրով մտահոգ քաղաքացի, գտնվում եմ Ազատության հրապարակում՝ սատարելու հացադուլ իրականացող և մյուս գաղափարակից ընկերներիս։ Այս մասին Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Մնացական Ավետիսյանը։
Մնացականը կոչ է անում անկախության սերնդի ներկայացուցիչներին այսօր ժամը 19։30-ին գալ Ազատության հրապարակ՝ գեներացնելու մեր մտքերը, գաղափարները կախված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, կրելու, պահպանելու, հարկ եղած դեպքում պաշտպանելու համար։
Նա ասաց, որ պատերազմի ժամանակ պահում էին ռազմաճակատի խրամատը, այստեղ պահում են այն գաղափարը, որի համար կռվել են։
«Մեր օրակարգն է ֆիքսել, որ Արցախի պետականությունը, մեր հայրենակիցների՝ Արցախի իրենց պատմական հողերում ապրելու և արարելու իրավունքը բացարձակ արժեք է։ Մենք այս պրոցեսով ցանկանում ենք հասկանալ՝ կհավաքվի՞ արդյոք այդ կրիտիկական զանգվածը, կրո՞ւմ են մարդիկ այդ արժեքները մեր հետ, կիսո՞ւմ են այդ գաղափարները, թե՞ ոչ։ Արդեն ձևավորված ուժի շրջանակներում՝ հետագա պրոցեսների հետ կապված կտեղեկացնենք հավելյալ»,- ասաց Մնացականը։
44-օրյա պատերազմի մասնակից Մնացականի կարծիքով, իրենց որդեգրած քայլերը հնարավոր է տանեն Արցախի անվտանգության ապահովմանը։
«Ամեն դեպքում պայքարում ենք այդ նպատակի համար։ Վերջնարդյունքը պարզ կլինի»,- ասաց նա։