Երուսաղեմում ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված բողոք-երթ: Այս մասին հայտնել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն Հովնան վարդապետ Բաղդասարյանը:
Մասնակիցներն իրենց ձեռքերում պահել են «Մենք քայլում ենք հանուն արդարության» գրությամբ պաստառ, ինչպես նաև Հայաստանի ու Արցախի դրոշները։
Ակցիայի մասնակիցները Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց մայր տաճարից քայլել են դեպի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։ Այնտեղ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսության կարգ է կատարվել: Այնուհետև երթի մասնակիցները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց շարժվել են դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան, որտեղ մոմավառություն է արվել: Ապրիլի 24-ին նախատեսվում է բողոքի ցույց կազմակերպել Երուսաղեմում Թուրքիայի հյուպատոսարանի դիմաց, այնուհետև հիշատակի երեկո կկազմակերպվի Ժառանգավորաց վարժարանի տարածքում։ Ապրիլի 25-ին էլ Սուրբ Հակոբյանց մայր տաճարում պատարագ է մատուցվելու, որից հետո երթ կիրականացվի դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան։
Տեսանյութը՝ Երկիր Մեդիայի տելեգրամյան ալիքում։