Ապրիլի 17-ից Ազատության հրապարակից մեկնարկած իրազեկման անժամկետ ակցիան շարունակվում է, օրվա ընթացքում սպասվում են տարբեր քննարկումներ՝ այդ թվում հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, հանրային գործիչների կողմից դասախոսություններ, իսկ երեկոյան՝ ակցիա։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
Անդրադառնալով Ցեղասպանության հարցում հայկական պահանջատիրության կարևորությանը՝ Վանեցյանը շեշտեց՝ Հայաստանի հետ սահմանը փակել է Թուրքիան․ եթե առանց նախապայմանների պատրաստ են բացել, ապա ինչո՞ւ չեն բացում։
«Թուրքական իշխանութուններն ասում են՝ եթե ուզում եք հարաբերությունները կարգավորել, ապա պետք է հրաժարվեք պահանջատիրությունից։ Ոչ ուղիղ ձևով նաև մեր Սահմանադրության հիմքը՝ Անկախության հռչակագիրն են ուզում փոխել, որի մեջ հստակ ամրագրված է, որ ՀՀ-ն պահանջատեր է Ցեղասպանության ճանաչման հարցում»,-նշեց Վանեցյանն ու հավելեց, որ թուրքական այդ պահանջներին այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում, հակառակը՝ սահմանադրական, այսպես կոչված, բարեփոխումների գործընթացներ են նախաձեռնում, որին եթե չընդվզենք, նրանք նաև դա կանեն։
«Առհասարակ խոսվում է այն մասին, ոչ ուղիղ տեքստով, որ մեր Սահմանադրութունը պետք է փոփոխվի։ Սահմանադրության հիմքը Անկախության հռչակագիրն է, որի մեջ հստակ գրված է, որ Հայաստանը պահանջատեր է ու անելու է ամեն ինչ Ցեղասպանությունը ճանաչելու համար։ Այս իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքում Թուրքիայի այդ հայտարարություններին, ընդհակառակը՝ նախաձեռնել են սահմանադրական բարեփոխումների գործընթաց, եթե չընդվզենք, իրենք անպայման այդ փոփոխությունը կանեն։ Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը Սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է»,- ասաց Վանեցյանը:
Նա նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է։
«Այո՛, հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, նորմալ չէ 21-րդ դարում ունենալ հարևան պետություն, որի հետ սահմանները փակ են։ Հիմա իշխանությունները խոսում են առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման մասին, պարզ հարց է առաջանում, այդ դեպքում ինչու Թուրքիան միակողմանի չի բացում սահմանը ՀՀ-ի հետ, որը ինքն է փակել»,- ասաց Վանեցյանը։
Նրա խոսքով, այս իշխանությունը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում որևէ քայլ չի արել։
«Արված է մեկ քայլ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հայտարարում է, որ Ցեղասպանության ճանաչման հարցը սփյուռքի հարցն է։ Դա հերթական անհեթեթ հայտարարությունն է, որն ուղղակի անթույլատրելի է։ Ֆանտաստիկայի ժանրից է, որ կարող է Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձը նման հայտարարություն անի»,- ասաց ընդդիմադիր քաղաքական գործիչը։
Ըստ նրա, կարևոր է հասնել նրան, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի ողջ աշխարհի կողմից, հատկապես Թուրքիան ընդունի իր մեղքն ու ներողություն խնդրի հայ ժողովրդից։
Ապրիլի 19-ից իրազեկման արշավներ է սկսել նաև «5165» շարժումը, իսկ երեկվանից հացադուլ հայտարարած իր զինակից ընկերներին է միացել Մնացական Ավետիսյանը։