կարևոր
802 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-20 21:51

Պուտինի և Փաշինյանի համատեղ հայտարարությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Որքան շատ են Երեւանից հնչում Ռուսաստանին քննադատող հայտարարություններ, այնքան շատ է Հայաստանը հայտնվում ռուսական ազդեցության դաշտում: Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանի այս գնահատականն է փաստում Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ վերջին հայտարարությունը: 
30 կետից բաղկացած հայտարարությամբ Հայաստանն ու Ռուսաստանը պարտավորվում են էլ ավելի ընդլայնել կապերը տարբեր ոլորտներում: Արցախի հարցով. Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը ընդգծել են ռուս խաղաղապահների որոշիչ ներդրումը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում: Հատկանշական է, որ հանդիպման սկզբնամասում Փաշինյանը խաղաղապահների արդյունավետության հարցն էր բարձրացրել: Քաղաքագետի գնահատմամբ, խաղաղապահների նկատմամբ քննադատական թեզերը հանդիպումից հետո սրբագրվեցին, ամրագրվեց նրանց կենսական դերը տարածաշրջանում: 
Հայտարարության մեկ այլ դրույթով՝ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են ակտիվացնել Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի եռակողմ փոխգործակցությունը՝ Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորմանն աջակցելու նպատակով: Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների կողմից շրջանառվող խաղաղության պայմանագրի մասին հայտարարությունում որեւէ հիշատակում չկա: 
Հայտարարությունում տեղ է գտել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Ձեւակերպումը՝ ողջունում են Ռուսաստանի աջակցությամբ մեկնարկած գործընթացը: 
Չնայած, որ 2 շաբաթ առաջ Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի անորոշության մասին՝ Մոսկվայի հետ չհամագործակցելու Փարիզի եւ Վաշինգտոնի դիրքորոշման պատճառով, Պուտինն ու Փաշինյանն ընդգծել են Մինսկի խմբի ներուժի եւ փորձի օգտագործման կարեւորությունը: Ի դեպ, Մինսկի խմբի մասին որեւէ հիշատակում չկար ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած Փաշինյանի, Ալիեւի եվ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպման արդյունքներում: 
Քաղաքագետը եզրակացնում է, որ Հարավային Կովկասից ռուսներին դուրս մղելու Արեւմուտքի ջանքերը ձախողվում են, հակառակը՝ տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունն ավելի է մեծանում: 
Հայտարարության 18-րդ կետով Ռուսաստանի նախագահն ու Հայաստանի վարչապետն ընդունել են նաեւ տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում ՀԱՊԿ-ի առանցքային դերը: Ալեն Ղեւոնդյանի խոսքով՝ վերջին շրջանում ՀԱՊԿ-ի հասցեին Փաշինյանի քննադատական ելույթները փաստացի նույնպես խմբագրվեցին: 
Փաշինյանը փաստացի քննադատել է նաեւ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցները, պայմանավորվել Պուտինի հետ միասին հաղթահարել առաջացած մարտահրավերները: Եւս մեկ համաձայնություն՝ Հայաստանի ու Ռուսաստանի տարածքները չեն տրամադրվելու 3-րդ երկրների գործունեության համար, եթե այն կարող է սպառնալ կենսաբանական անվտանգությանը: 

Մանրամասները՝ Մարինե Մելիքսեթյանի տեսանյութում