Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 5-ին հրապարակել է «Նանա Մուրադյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության» գործով որոշումը, որով դատարանը որոշել է բավարարել բողոքը։ Դիմումատուի զինծառայող որդու կյանքը պետության կողմից չի պաշտպանվել եւ չի իրականացվել մահվան հանգամանքների արդյունավետ հետաքննություն,- արձանագրել է Եվրոպական դատարանը: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է Նանա Մուրադյանին վճարել 20.000 եվրո: Նանա Մուրադյանի պայքարը սակայն չի ավարտվել։
2009թ. նոյեմբերին Վալերի Մուրադյանը զորակոչվել է հայկական բանակ եւ զինծառայության անցել Արցախում: Ծառայությունից ամիսներ անց նրա դին հայտնաբերվել է զորամասի շինություններից մեկի հետնամասում՝ պտտաձողից կախված: Քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, սակայն մայրը վստահ է՝ որդուն սպանել են, որովհետեւ նա հրամանատարության կողմից կատարվող չարաշահումների ականատես է եղել: Նանա Մուրադյանը պայքարում է, որ պատժվեն իրական հանցագործները:
Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ զինծառայողի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձության հետեւանքով: Դատաբժշկական փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են նաեւ մի շարք վնասվածքներ՝ ձախ ձեռքի հատվածում կապտուկ, աջ դաստակի քերծվածք, որոնք հասցվել են դեռ կենդանության ժամանակ մահից մոտ 2-4 օր առաջ: Նանա Մուրադյանը, դժգոհ լինելով նախաքննության արդյունքներից, տարբեր բողոքներ է ուղարկել իշխանություններին: Մայրը հայտարարել է, որ չեն հաստատվել իր որդու մահվան իրական հանգամանքները:
Զինծառայողի մոր խոսքով՝ ամբողջ քրեական գործը աղավաղել են, իրեղեն ապացույցները ոչնչացրել են, նորմալ փորձաքննություն չի կատարվել: Նա սպասում է նոր հետաքննությանը եւ հավատում, որ մի օր կպատժվեն իր որդու մահվան մեղավորները:
Մանրամասները ներկայացնում է Լուսին Ղազարյանը