կարևոր
1621 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-20 17:18

Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում

Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում

«Հայաստան» խմբակցությունն անդրադարձել է իշխանությունների կողմից Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին խորհրդարանական լսումներին ապօրինաբար խոչընդոտելու վերաբերյալ հարցին։

«Հայրենակիցնե՛ր

Օրվա քաղաքական իշխանությունը, հերթական անգամ խախտելով Սահմանադությունն ու օրենքները, մինչև ապրիլի 24-ը հրաժարվում է Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների անցկացման համար տրամադրել Ազգային ժողովի դահլիճը և ուղիղ հեռարձակում ապահովել՝ ներկայացնելով անհիմն տեխնիկական պատճառաբանություն:

Ազգային ժողովի՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հայտարարության նախագծին նվիրված խորհրդարանական լսումները նախատեսված էր անցկացնել ապրիլի 21-ին: Լսումների նպատակն էր լայն հանրությանը ներկայացնել այն «կարմիր գծերը», որոնք պետք է ուղեցույց դառնան Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը քննարկելիս:

Իշխանությունների նախաձեռնած՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկայիս ընթացքը, դրանից բխող սպառնալիքների չգիտակցումը և դրսևորած այս ապօրինի վարքագիծը վկայում են, որ նրանք ուղղակի կամ անուղղակի գնում են թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկելու ճանապարհով։

Մենք վճռական ենք և հետևողական Հայ ժողովրդի լինելության հիմքում գտնվող այս հարցը հետապնդելու գործում: Խորհրդարանական լսումների անցկացումը մնում է մեր օրակարգում, կկայանա առաջիկայում, որի մասին հավելյալ կտեղեկացնենք»: