կարևոր
1408 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-20 14:20

Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին. իշխանություններն այս պարագայում ևս կանխատեսելի էին. Էրիկ Ալեքսանյան

Աղվան Հովսեփյանի գործը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին. իշխանություններն այս պարագայում ևս կանխատեսելի էին. Էրիկ Ալեքսանյան

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի և Վրեժ Մարկոսյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ՝ բոլոր իշխանությունների օրոք կամակատարի համբավ ունեցող դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ իշխանությունները սույն պարագայում նույնպես շատ կանխատեսելի էին։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մակագրման համակարգը դեռ չի վերականգնվել, չի գործում՝ սույն պարագայում մակագրությունը նույնպես իրականացվել է դատարանի նախագահի կողմից, հետևաբար, Մնացական Մարտիրոսյանի տեսքով օրինական դատարան չունենք»,- նշեց Ալեքսանյանը՝ հիշեցնելով, որ Մնացական Մարտիրոսյանն այն դատավորն է, որը սեպտեմբերի 7-ին կալանավորման որոշում է կայացրել՝ ի թիվս այլնի հաստատված համարելով հիմնավոր կասկածը։

«Այսինքն, Մնացական Մարտիրոսյանն ունի համոզմունք, որ Աղվան Հովսեփյանն առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքի հետ, հետևաբար, այս դատավորը չի կարող հակասել իր կողմից նախկինում արտահայտված դիրքորոշմանը և կանխատեսելի է նաև Մարտիրոսյանի որոշումը՝ սույն քրեական գործով հետագա կայանալիք դատական նիստում խափանման միջոցի հարցի քննության շրջանակներում։ Եթե մեկ անգամ Մարտիրոսյանը գտել է, որ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված է, հետևաբար, հարց է առաջանում, թե առաջիկա նիստում, երբ պետք է քննարկենք խափանման միջոցի հարցը, որի շրջանակներում կրկին պետք է բարձրացնենք հիմնավոր կասկածի հարցը, ինչպե՞ս Մնացական Մարտիրոսյանը կարող է հակասել նախորդ դատական ակտին և դրանում արտացոլված իր դիրքորոշմանը։ Այդպես չի կարող լինել, հետևաբար, Մնացական Մարտիրոսյանը, ի թիվս այլնի, նաև այս պատճառով չի կարող համարվել օրինական դատարան, որովհետև ունի որոշակի համոզմունք»,-նշեց Ալեքսանյանը՝ հավելելով, որ այս պարագայում պետք է գործով լինի այնպիսի դատավոր, որը նախկինում որևէ առնչություն չի ունեցել, որևէ դիրքորոշում չի հայտնել, որը չի դարձնի նրա հետագա գործունեությունը, որոշումները։

Ալեքսանյանն ընդգծեց, որ դատավորը պետք է լինի ոչ միայն օբյեկտիվ, անաչառ, այլև՝ ՄԻԵԴ սահմանած չափանիշներով՝ պետք է գոնե այդպիսին երևա։

«Եթե երրորդ անձին մենք հայտնենք, որ մեկ անգամ արդեն իսկ սույն գործով Մնացական Մարտիրոսյանը համոզմունք է հայտնել ամենակարևոր հարցի տեսանկյունից՝ դա Աղվան Հովսեփյանի ենթադրյալ առնչությունն է իրեն վերագրվող արարքին։ Միևնույն ժամանակ երրորդ անձին մենք հայտնենք, որ այդ համոզմունքն ունենալուց հետո Մնացական Մարտիրոսյանին են տվել նաև ամբողջ քրեական գործը։ Արդյո՞ք՝ անաչառ դիտորդը չի կարող ունենալ գոնե նվազագույն կասկած, որ այդ դատավորը չի կարող լինել օրինական դատարան, որովհետև մեկ անգամ արդեն համոզմունք է հայտնել՝ առաջադրված մեղադրանքի վերաբերյալ»,- նշեց Ալեքսանյանը։