կարևոր
1258 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-20 12:41

Կոչ եմ անում միանալ ոչ թե ինձ, այլ հանուն հայրենիքի սկսած պայքարին․ Վանեցյան

Կոչ եմ անում միանալ ոչ թե ինձ, այլ հանուն հայրենիքի սկսած պայքարին․ Վանեցյան

Ես տեսնում եմ, որ հնարավոր է հասնել արդյունքի, տեսնում եմ, որ մարդկանց զգալի մասը հասկացել է, թե ինչ է կատարվում մեր երկրում, թե ինչ սպառնալիքներ կան երկրի համար, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Համոզված եմ, որ մարդիկ անպայման գալու են մեզ հետ։ Գործողությունների հստակ պլան ունենք, այս անժամկետ ակցիան տալիս է իր պտուղները», - ասաց Վանեցյանը։

Նա նշեց, թե իշխանափոխությունից հետո, երբ լինեն մարդիկ, որոնք կառաջնորդվեն Հայաստանի և Արցախի ազգային և պետական շահերով, կարող են դիվանագիտական ճանապարհով լուծել առկա խնդիրները։

«Ամենաքիչը ես եմ ուզում, որ պատերազմ լինի այս երկրում։ Ես դեմ եմ պատերազմին և ասում եմ, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ»։

«Ես այստեղ նստած եմ Արցախի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության պետական դրոշների ներքո։ Չկա այստեղ կուսակցական դրոշ, չկա քաղաքական դրոշ, չկա լիդերության հարց»,- Արթուր Վանեցյանը։

Արթուր Վանեցյանը ասաց՝ կոչ չի անում քաղաքական ուժերին, քաղաքացիներին միանալ իրեն, կոչ է անում միանալ հանուն հայրենիքի սկսած պայքարին։

«Պարտությունից հետո Նիկոլ Փաշինյանը՝ պարտվող երկրի ներկայացուցիչը, «առաջնորդ»-ը, իր վրա վերցրել է պարտավորություններ, որից չի կարող այլևս անցնել։ Քաղաքական իշխանության փոփոխությունից հետո կարելի է դիվանագիտական ճանապարհով այս ամենը լուծել։ Այսօրվա իշխանությունն ասում է՝ մեր այլընտրանքն այս մարդիկ են, որոնք քարոզում են պատերազմ, ես ձեզ ասում եմ՝ ամենաքիչը պատերազմ ես եմ ուզում։ Դեմ եմ պատերազմի»,- նշեց Վանեցյանը՝ հավելելով, որ հնարավոր է նորմալ դիվանագիտական ճանապարհով ստանալ հայանպաստ լուծումներ։

«Երիտասարդները դիմել են ծայրահեղ քայլի, հացադուլ են հայտարարել, սակայն ես իրենց հորդորել եմ դադարեցնել հացադուլը, օրը մի քանի անգամ խոսում եմ նրանց հետ, բայց անսասան են, չեն համաձայնում։ Դա էլ է շատ կարևոր, նրանք եկել են անկախության սերնդին պայքարի կոչ անելու»,-նշեց Վանեցյանը։

Նա նաև ողջունեց 5165 շարժման բողոքի գործողությունները, «Սև հովազ» ջոկատի անդամների բողոքի ակցիան։