կարևոր
664 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-20 12:10

Հաղթահարել ծնկած վիճակը, դառնալ սեփական իրավունքների պահանջատեր

Հաղթահարել ծնկած վիճակը, դառնալ սեփական իրավունքների պահանջատեր

20-րդ դարի երկրորդ կեսից սկսած, այսինքն ՄԱԿ-ի կողմից ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ իրականացվող ծանրագույն հանցագործություն ճանաչելու ողջ ժամանակահատվածում, հայության պայքարի առանցքում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչաման և դատապարտման պահանջը։ Հայ դատի պայքարի նպատակներից մեկն է թուրքական իշխանություններին պարտադրելը, որպեսզի պետական քաղաքականությանը մաս կազմող ցեղասպանական գործելակերպը ճանաչվի որպես ոճրագործություն, պետությունը մեկընդմիշտ հրաժարվի դրանից՝ թե որպես քաղաքական խնդիրներ լուծելու միջոց և թե որպես գաղափարախոսություն։ Այնպես, ինչպես Գերմանիայի կողմից հրեական ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը հիմք դարձան այս երկրի պետական քաղաքականությունից և հանրային գիտակցությունից ֆաշիզմի գաղափարախոսությունը արմատախիլ անելու համար՝ քրեական պատիժներ սահմանվեցին այդպիսի գործունեության, այդ գաղափարների որդեգրման, քարոզչության և տարածման համար։ Այլ խոսքով այդ երկիրը զատվեց նացիոնալ-սոցիալիզմի ժառանգությունից և որդեգրեց այլ ռասսաների ու պետությունների հետ հավասարության, հարգանքի ու հանդուրժողության հիման վրա քաղաքակիրթ փոխհարաբերությունների կառուցման սկզբունքը։ Աշխարհի որևէ պետություն, այդ թվում և ֆաշիստական տիրապետության շրջանի Գերմանիան երբեք չեն եղել այնքան բարբարոս ու մարդատյաց, որքան եղել ու մնում են քաղցկեղի պես մարդկության մարմնի վրա գոյատևող թուրքական ռազմաֆեոդալական ռեժիմները՝ արյունարբու սուլթաններից մինչև փողկապ կրող վարչապետներն և նախագահները։ Ըստ էության թուրքական ցեղասպանական քաղաքականությունը եղել է Թուրքիայի իրարահաջորդ իշխանությունների ավանդական գործելակերպը՝ այս ճանապարհով «լուծելու համար» նվաճված և նվաճվելիք տարածքներում ապրող ժողովուրդների հիմնահարցը, ամրապնդելու նպատակով պանթուրքական և պանթուրանական ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ ենթահողը։

Առկա բազմաթիվ փաստաթղթերն ու փաստերը վկայում են, որ արյունահեղությունների դարավոր ճանապարհ անցած թուրքերը 19-րդ դարի վերջերին և քսաներորդ դարի սկզբին տեսական հիմքերի վրա դրեցին իրենց նվաճողական տեսլականները և այդ կենսական նպատակի իրագործման ճանապարհին գտնվող ժողովուրդների բնաջնջման հիմնավորումը։ Ասվածի ակնառու ապացույցն է հայկական պատվիրակությանը Վեհիբ փաշայի հայտնած միտքը՝ 1918 թվականի մայիսի վերջին և հունիսի սկզբին՝ Բաթումում տեղի ունեցած հաշտության բանակցությունների ժամանակ․«Դուք կը տեսնէք, որ ճակատագիրը կը քաշէ Թուրքիան արեւմուտքէն արեւելք: Մենք հեռացանք Պալքաններէն, կը հեռանանք նաեւ Ափրիկէէն, բայց մենք պէտք է տարածուինք դէպի արեւելք, հոն է մեր արիւնը, մեր կրօնքը ու մեր լեզուն: Եւ ասիկա տարերային ձգողութիւն ունի, մեր եղբայրները Պաքու, Տաղստան, Թուրքիստան եւ Ատրպէջան են: Մենք պէտք է ճամբայ ունենանք դէպի հոն: Եւ դուք` հայերդ, կանգնած էք մեր այդ ճամբուն վրայ: Պահանջելով Վանը` դուք կը փակէք մեր ճամբան դէպի Պարսկաստան:
Պահանջելով Նախիջեւանն ու Զանգեզուրը` դուք արգելք կը դառնաք մեզի իջնելու Քուրի հովիտը եւ երթալու Պաքու:

Կարսն ու Ախալքալաքը կը փակեն մեր ճամբան դէպի Ղազախ ու Գանձակ: Դուք պէտք է մէկ կողմ քաշուիք եւ մեզի ճամբայ տաք: Ահա թէ ո՛ւր է մեր հիմնական վէճը: Մեզի պէտք են երկու լայն ճամբաներ, որոնք հնարաւորութիւն տան մեր բանակներուն առաջ շարժելու եւ պաշտպանուելու: Մէկ ճամբան` Կարս-Ախալքալաք-Բորչալու-Ղազախն է, որ կը տանի դէպի Գանձակ, միւսը կ’երթայ Շարուր-Նախիջեւան- Զանգեզուրով Կուրի հովիտը: Դուք կարող էք մնալ անոնց մէջտեղը, այսինքն` Նոր-Պայազիտի (այժմ` Կամօ) եւ Էջմիածնի շուրջը»1:

Նախ նախկին Բյուզանդական պետության տարածքը և ապա իր․«Երազանքի ճանապարհը» ամբողջովին թուրքացնելու ծրագիրը գաղտնիք չէ, որ գործնական կիառություն ստացավ 19-րդ դարի վերջին տեղի ունեցած համիդյան կոտորածներով և ամբողջացավ առաջին համաշխարհային պատերազմի թոհուբոհի պայմաններում: Եթե

կայսրության մաս կազմող, սակայն բուն Թուրքիայի տարածքից դուրս գտնվող երկրներն ու ժողովուրդները «գլուխներն ազատեցին» կրկնվող դաժան ջարդերի գնով, ապա թուրքական մետրոպոլիան ամբողջովին թուրքացնելու համար պետք է բնաջնջվեին նրա բնիկները և առաջին հերթին, իհարկե, հայերը։ 1915 թվականի ապրիլից թափ առած հալածանքները տեղահանություններն ու ջարդերը ոչ թե ուղղված էին հայության կամ նրա ինչ որ հատվածների այլ, առհասարակ, ամեն հայակականի դեմ։ Հայկականության հետքերը ամբողջովին ոչնչացնելու համար պետք է վերանային նաև նրա մշակութային ու հոգևոր կառույցները, գերեզմանները և․․․ Հիշողությունը։ Արևմտահայության ոչնչացումը այս ծրագրի առաջին փուլն էր՝ երիտթուրքերին դատապարտած Մուստաֆա Քեմալը շտապում էր բնաջնջելու նաև արևելահայությանը և միայն քաղաքական իրավիճակների փոփոխությունը կանխեց մեծ ոճիրի կրկնությունը։ Հաջորդող գրեթե ողջ հարյուրամյակի ընթացքում իրարահաջորդ կառավարությունները շարունակեցին Թուրքիայի լիակատար թրքացման ծրագիրը՝ մերժելով ճանաչել այազգի ու այլակրոն ժողովուրդների լեզուն, մշակույթը, ինքնությունը բնորոշող այլ հատկանիշների և հենց իրենց գոյությունը։ Ընդ որում, ունենալով միջազգայնորեն թելադրված որոշակի պարտավորություններ թուրքերը միշտ թքել են և միջազգային իրավունքի և իրենց պարտավորությունների վրա, և ցայսօր կարողանում են հաջողությամբ մարսել իրենց բոլոր ապօրինություններն ու հանցանքները։

Միշտ թիկունքում զգալով ավագ եղբոր ներկայությունը այս վայրենի ու արյունարբու ճանապարհով է քայլել նաև Լենինի ու Քեմալի եղբայրության ծնունդ Ադրբեջանը։ Հիշենք 1905, 1918, թվականների ջարդերը, Նախիջևանի ու Դաշտային Ղարաբաղի հայաթափումն ու հայկական հետքերի ոչնչացումն ամենուր։ 1988 թվականին սեփական ազատության համար սկիզբ առած արցախահայության խաղաղ ցույցերին հաջորդեցին սումգայիթյան ջարդերը՝ թուրք էմիսարների անտեսանելի ներկայությամբ և թուրքական ցեղասպանական ձեռագրով։ Հարյուր տարի խորհրդային պետական համակարգում քաղաքակրթվելուց հետո էլ ադրբեջանցի նորահայտ ժողովուրդը ամեն օր փաստում է, թե որքան հեռու է քաղաքակրթությունից այնքան մոտ է թուրքական բարբարոսությանը։ Քնած մարդուն սպանելը և սպանողին ազգային հերոս հռչակելը, հակառակորդի զինվորի գլուխը կտրելը և այն բնակավայրերով ման տալը, երեխաներին, ծերերին, և հիվանդներին խոշտանգելով սպանելը, և նման այլ հանցագործությունները խուլ միջնադարի պատմություններ չեն, այլ վարքականոն՝ ժամանակակից Ադրբեջանցիների համար, որոնք խրախուսվում են բարձրագույն իշխանության կողմից։ Թուրք-ադրբեջանական եղբայրությանը բնորոշ վարքագծի դրսևորում էր 2020 թվականի լայնածավալ ագրեսիան Արցախի դեմ։ Հայրենի տարածքներից բնակիչության դուրս մղումը, արգելված զինատեսակներով իրականացված պատերազմական հանցագործություններն ու հոգևոր-մշակութային կառույցների ավերումը՝ նրանց պատկանելության վկայությունների ոչնչացումն ու աղավաղումը այլ բան չեն քան միջազգայնորեն սահմանված ցեղասպանական գործողություններ։ Ժամանակակից Թուրքիան, փաստացի իրեն միացող Ադրբեջանի հետ, այսօր իր գիշատչական հավակնություններով պակաս ագրեսիվ չէ քան երբևէ։ Նրա զիված ուժերը գտնվում են Իրաքում, Սիրիայում, Կիպրոսում, Լիբիայում, Քաթարում, Աֆղանստանում, Նախիջևանում և այլ երկրներում ու վայրերում։ Օկուպացված վայրերում թուրքերն իրականացնում են ռազմական գործողություններ, փորձում են յուրացնել այդ տարածքները։ Թուրքիան նեոօսմանական ցնորքներ է փայփայում և փորձում է քիթը խոթել ամենուր, որտեղ խնդիրներ կան՝ Ղազախստան, Ուկրաինա, Լիբանան և այլն։ Թուրքիայի և թուրք-ադրբեջանական դաշինքի ճիրաններում այսօր կրկին ճակատագրական օրեր է ապրում Հայաստանը։ Նրանց հավակնությունների բավարարման դեպքում ոչ միայն վերջնականապես կկորցնենք Արցախը, այլև ինքնիշխանության հնարավորությունը հավետ կկորցնի Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի ազգադավ իշխանությունները որոնց համար, հատկապես պատերազմից հետո, իշխանության պահպանումը դարձել է ինքնանպատակ, փորձում են զիջումների ճանապարհով հասնել խաղաղության։ Կրկնվում է, այն ինչ տեղի ունեցավ 1921 թվականին, երբ թշնամին թքում էր և Հայաստանի բոլշևիկ իշխանությունների և խաղաղության գաղափարի վրա՝ ազգային արժանապատվությունից զուրկ իշխանություններին պարտադրելով նորանոր զիջումներ։

Անկախության վերականգնումից և Արցախի ազատագրումից հետո երկիրը պատերազմի ու խաղաղության նույն կեղծ ընտրանքի առջև կանգնեցրեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Բոլոր պարագաներում թուրք-ադրբեջանական հայակուլ ծրագրերը հաջողվել է կասեցնել հակադրելով ուժը և պարտադրելով խաղաղությունը։ Այդպես եղավ նաև այսօրվա կապիտուլյանտ իշխանությանը նախորդող 20 տարիների ընթացքում։

Խաղաղության անվան տակ թուրքական պայմաններով հաշտության դավադիր ծրագիրը, սակայն, հերթական անգամ փաստեց իր սնանկությունը։ Փաստվեց ազգային ինքնության պահպանման և գոյատևման ավանդական փիլիսոփայությունից նահանջի կործանարարությունը։ Մյուս կողմից իշխանության պարտվողական հոգեվիճակը ավելի է մեծացնում նոր պատերազմով կարճ ժամանակում շոշափելի նոր հաջողությունների հասնելու թշնամիների գայթակղությունը։ Հայաստանը պետք է հաղթահարի մեղավորի ու խեղճի ծնկած վիճակը ու կրկին դառնա իր իրավունքների պահանջատերը։ Այսպես մենք հաստատել ենք մեր տեղը դաժան մրցակցության աշխարհաքաղաքական բեմում և միայն այսպես կարող ենք խուսափել նոր ցեղասպանություններից և ազգային-պետական մասշտաբի ողբերգությունից, իսկ այս նպատակին հասնելու համար երկրում իշխանափոխությունը հիմնական և որոշիչ պայման է։

____________________________________

1«Հայաստանի հանրապետութեան ծագումն ու զարգացումը», Ալ. Խատիսեան, Բ. տպագրութիւն, 1968, Պէյրութ, էջ 86:

«Դրօշակ» թիվ 4 2022թ․