կարևոր
910 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-20 10:15

Քաղաքական որ ուժն ինչպես է գնահատում Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարը․ «Հրապարակ»

Քաղաքական որ ուժն ինչպես է գնահատում Արթուր Վանեցյանի նախաձեռնած պայքարը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

Արթուր Վանեցյանի կոչին՝ գալ Ազատության հրապարակ եւ միանալ Փաշինյանի հեռացման պայքարին, միացել են տարբեր քաղաքական ուժեր եւ անհատ գործիչներ։ Նրանց մի մասն արմատական ընդդիմադիր հայացքներ ունի, մյուսները՝ փոփոխական, երրորդները, առհասարակ, իշխանության կցորդն են։ Բայց Վանեցյանը ոչ մեկին չի վանում հրապարակից․ սա վերկուսակցական պայքար է՝ հայտարարում է նա։ Ոչ ոք չէր սպասի, որ կիրակի օրերը Նիկոլ Փաշինյանի հետ՝ արտախորհրդարանական ուժերի կազմում հանդիպումների գնացող Տիգրան Արզաքանցյանը կարող է առաջիններից մեկը հայտնվել հրապարակում։ Նա հենց ակցիայի առաջին օրը եկել էր Ազատության հրապարակ, զրուցել Վանեցյանի հետ, ասել, որ երկիրը վատ վիճակում է՝ պետք է միասնաբար պայքարել, ու հեռացել։ Նախօրեին «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էր Ազատության հրապարակում, ասաց, որ գիշերվանից ինքն ու իր թիմակիցներն Ազատության հրապարակում են եղել։

«Ես հետեւել եմ՝ ինչպես գեներալն այստեղից իր կոչն արձակեց, եւ պարզապես այս առավոտ այստեղ եմ, երեկ գիշերվանից «Ժառանգությունն» այստեղ եղել է: Եվ հիմա, ես կարծում եմ, մեր հայրենիքի փրկության հերթական արարն է, եւ մենք ներկա ենք»,-ասաց Հովհաննիսյանը։ Ազատության հրապարակը նրան հարազատ վայր է՝ նա այստեղ երկու անգամ հացադուլ է արել, վերջինը 2013 թվականին էր՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով։
Նախօրեին հրապարակում էր նաեւ «Ազատություն» կուսակցության նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով մեզ հետ զրույցում ասաց, որ, բնականաբար, կողմ է պայքարի ցանկացած դրսեւորման։ «Նոր ենք էնտեղից եկել, էլի ենք գնալու։ Մեր կուսակցության անդամների հետ եմ այնտեղ եղել»,-ասաց Բագրատյանը։

Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանի պայքարին միացել է նաեւ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը։ Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Գասպարի Սարգսյանն էլ էր հրապարակում եւ պատրաստ է միանալ համատեղ պայքարին։

Երեկ պայքարին միացավ 5165 ուժը, որն ասուլիս տվեց հրապարակում եւ հայտարարեց, որ ապրիլի 19-ից սկսում են անդադար ռեժիմի գործողություններ, որոնց նպատակն է՝ հասնել Նիկոլ Փաշինյանի հեռացմանը։ Կարին Տոնոյանի խոսքով, «5165» շարժումը ձգտելու է համախմբել հանրությանը Արցախի ազատության օրակարգի շուրջ։ «Այսօրվանից «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը եւ համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու եւ Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։ Մենք կոչ ենք անում բոլոր կուսակցություններին՝ հետեւել մեր օրինակին, որ կարողանանք հավատ եւ վստահություն արթնացնել մեր ժողովրդի մեջ։ Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային եւ անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի եւ հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքի առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- ասաց Տոնոյանը։

Ազատագրական շարժման համակարգող խորհրդի անդամների մեջ է Փաստաբանների պալատի նախկին նախագահ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը, ով եւս միացավ պայքարին՝ հայտարարելով․ «Ողջունում եմ բոլոր իրական ընդդիմադիր ուժերին՝ վերջապես ապակենտրոն փողոցային պայքար սկսելու համար: Ազատագրական շարժումը դեռեւս 2021թ. դեկտեմբերին հստակ ձեւակերպել է հրաժարականի պահանջը եւ մտել պայքարի մեջ: Միանալ-չմիանալու հարց չկա: Բոլոր այն ուժերը, միավորները, որոնք ցանկանում են այս իշխանության հեռացումը, իրենց ապակենտրոն գործողություններով նույն ուղղությամբ են գնում: Մնացածը ժամանակը ցույց կտա»:

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանն էլ մեզ ասաց, որ իրենք եւս դեմ են այս իշխանություններին, համարում են, որ Փաշինյանը պետք է հեռանա, բայց հեռացման մեխանիզմների մասով ունեն այլ պատկերացումներ, հետեւաբար՝ հազիվ թե միանան Վանեցյանի նախաձեռնած պայքարին։

Ըստ էության, միայն «ծռերը»՝ ԱԺԲ-ն է հայտարարություն արել՝  փորձելով խափանել այս պայքարը եւ այն անվանելով Կրեմլի 5-րդ շարասյուն, որն ուղղորդվում է Մոսկվայից։ Նաեւ կոչ էին արել քաղաքացիներին՝ չխաբվել եւ չմիանալ այս պայքարին։ Սակայն սրա պատճառը ոչ միայն Արեւմուտքի թելադրանքն է, որն ամենուր պրոռուսական գիծ է տեսնում եւ փորձում դա չեզոքացնել, այլեւ զուտ նեղ անձնական վերաբերմունք կա՝ ուղղված ԱԱԾ Երեւանի վարչության պետի նախկին տեղակալ Արթուր Վանեցյանին, ով 2016-ին փորձում էր ՊՊԾ գունդը գրաված ահաբեկիչներին զինաթափել, այդ գործողության պատասխանատուն էր։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։