կարևոր
1306 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-19 13:04

Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի․ Արթուր Ավագյան

Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի․ Արթուր Ավագյան

Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ իրականացնող Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանը և Նվեր Կիրակոսյանը քիչ առաջ հանդես են եկել կոչով։

Նրանք Ազատության հրապարակում հանրային քննարկման են հրավիրում տարբեր ոլորտի ներկայացուցիչ երիտասարդների՝ ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում իրականացնելու համար։ Արթուր Ավագյանի և Նվեր Կիրակոսյանի խոսքով՝ իրենց կոչի հասցեատերը անկախության սերունդն է։

«Անկախության սերունդ լինելը նախ և առաջ հոգեվիճակ է։ Իրավիճակը պահանջում է, որ այդ սերունդը պայքարի դրոշ բարձրացնի։ Անխակության սերունդն է Արցախյան պայքարի ժառանգորդը, ով մինչև հիմա իր դիրքորոշումը չի հայտնել։ Այն, ինչ հիմա անում է այդ սերունդը անլուրջ է, տղե՛րք, մի հատ նայեք ինչ է արվել Արցախ ունենալու համար, ու ինչ եք դուք անում որպես ժառանգորդ»,- ասաց Արթուր Ավագյանը։

«Կոչ ենք անում բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, մեր ծառայակից ընկերներին, երիտասարդ ինֆլյուենսերներին, ովքեր անհոգ կոնտենտի տարածման ջատագովներն են, IT  համայնքի ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին, մտավորականներին, ովքեր հանդիասանում են անկախության սերնդի արժեհամակարգի կրողը, այսօր ժամը 19․30-ից մինչև 21․00-ն գալ հանրային քննարկման, թեման է«Անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում»։ Բոլորին կոչով դիմում եմ, միացեք այդ քննարկմանը։ Այստեղ մենք կհասկանանք՝ ունե՞նք այդ սերունդը և մտահոգվա՞ծ է այդ սերունդը, թե ոչ։ Քանի դեռ կա ապատիա, մենք շարունակելու ենք մեր պայքարը»։

«Երբ հետհայացք ենք գցում Արցախյան շարժման սկզբին, մենք լցվում են հպարտությամբ ու նախանձով այն անհատների նկատմամբ, որոնք կարողացել են հաղթանակ կերտել, Արցախ պահել։

Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշ բարձրացնի, իր դիրքորոշումը հայտնի այս ամեն ինչի մասին, քանի որ դեռ իր կարծիքը չի ասել։ Մենք ասում ենք, որ անկախության սերունդը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը։ Մենք ասում են, տեսեք, ինչ է արվել Արցախը պահելու, Արցախ ունենալու համար, և տես՝ դու ինչ ես անում։ Պահը պահանջում է, որ անկախության սերունդը պայքարի դրոշակ վերցնի»,-ասաց Արթուր Ավագյանը։