Նպատակը, որի համար մենք եկել ենք Ազատության հրապարակ, մարդկանց ուշադրությունը գրավելն է, սա մեծ բողոքի ակցիա չէ, սա տեղային ակցիա է մարդկանց իրազեկելու համար։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը արդեն երրորդ օրն է Ազատության հրապարակում է և հայտարարել է անժամկետ գործողությունների մասին։
«Այս ընթացքում մեզ մոտեցել են տարբեր մարդիկ ուղղորդված ու ասում էին՝ թողեք թող աշխատեն, ինչ եք ուզում և այլն, բայց ընդհանուր առամամբ հանգիստ է անցել գիշերը։ Այս երկու օրվա մեջ այնքան մարդու հետ եմ խոսել և պատասխանել իրենց հուզող հարցերին և զգում եմ, որ մարդիկ ամբողջապես տեղեկացված չեն՝ ինչ է կատարվում։ Այստեղ գալիս են ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչները, այլև քաղաքացիներ, որոնք դժգոհ են իշխանություններից և չգիտեն՝ ինչ անել»,- ասաց Վանեցյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ելույթը ԱԺ-ում եղել է այն վերջնակետը, որը իրեն ստիպել է դուրս գալ փողոց։
«Այստեղ են եկել 30-ից ավելի զոհված զինծառայողների ծնողներ, որոնք մեզ ասում են, որ մեզ քննադատել են, որովհետև, երբ ընդդիմությունը պատերազմից հետո սկսել էր բողոքի ակցիաները, իշխանություննեը ասում էին, որ եթե այդ ակցիաները չլինեն, ձեր երեխաներին կգտնենք և այլն»։
«Բոլորը պետք է սկսեն բողոքի ակցիաներ, որ ունենանք մի լուծում՝ բոլորի նպատակը մեկն է։ Ուզում եմ ֆիքսել, մենք չենք եկել ու պահանջում բացառապես իշխանափոխություն»,-Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Արթուր Վանեցյանը։
«Իշխանափոխություն պետք է իրականացվի, որ մենք հասնենք մեր գլխավոր նպատակին։ Մեր գլխավոր նպատակը հայրենիքի անվտանգությունն է։ Ես չեմ ասում՝ սրանց քշենք, ես ստանձնեմ պաշտոն։ Մենք ունենք նպատակ. այն է, ունենանք անվտանգ երկիր, Արցախի կարգավիճակ, չհանձնենք Արցախի մնացյալ հատվածը, որևէ մեկն իրեն թույլ չտա հայտարարել, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում»,-ասաց ԱԱԾ նախկին տնօրենը՝ ավելացնելով, որ գործող իշխանությունների գնալուց հետո միայն կարող են հասնել այդ նպատակին։
Արթուր Վանեցյանն ասաց՝ առաջիկայում բողոքի ակցիաներ կլինեն Հայաստանի տարբեր քաղաքներում, բնակավայրերում։
«Ես չեմ կարող բացահայտել մեր ամբողջ ծրագիրը։ Հավատացեք, լինելու է ցանցային պայքար, որին ներգրավելու է յուրաքանչյուր քաղաքացի, հայ մարդ, որը մտահոգ է երկրի ճակատագրով»,-ասաց նա։