կարևոր
1579 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-19 10:40

Ընդդիմությունը կրեատիվ ցանցային պայքարի ծրագիր է մշակել․ «Հրապարակ».

Ընդդիմությունը կրեատիվ ցանցային պայքարի ծրագիր է մշակել․ «Հրապարակ».

«Հրապարակ»-ը գրում է․

ԱԺ «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին  տնօրեն Արթուր Վանեցյանը Հարության տոնի երեկոյան, ֆեյսբուքյան իր էջով անսպասելիորեն «լայվ» մտավ ու հայտարարեց, թե գնում է Ազատության հրապարակ եւ մնալու է այնտեղ մինչեւ վերջ՝ Արցախի շուրջ ստեղծված կրիտիկական իրավիճակով պայմանավորված, եւ կոչ արեց բոլորին՝ միանալ իրեն ու փրկել Արցախը հանձնումից։ Ասաց, որ ինքը չի հեռանալու Ազատության հրապարակից, մինչեւ պայքարն ավարտին չհասցնի։ «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է թողնել Արցախը, եւ սկսել են արդեն խոսել, քարոզել այն մասին, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում: Եվ եթե Հայաստանի ներսում հիմա ընդվզում չլինի, եթե մենք չփորձենք հեռացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, այդ գործընթացն անպայման իրականանալու է»,- հայտարարեց Վանեցյանը։

Մեր տեղեկություններով, ընդդիմադիրներից քչերն են տեղեկացված եղել այս մեկնարկի մասին։ Անգամ «Հայրենիք» կուսակցության վարչության անդամներից ոմանք պայքարի մեկնարկի մասին տեղեկացել են Վանեցյանի «լայվից»։ Թեեւ այնպես էլ չէ, որ Վանեցյանը գաղտնի պայքարի ծրագիր էր մշակել։ Տեւական ժամանակ է՝ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերը՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, համատեղ պայքարի ծրագիր են մշակում՝ սպասելով եղանակները տաքանալուն եւ համապատասխան հասարակական պատվեր ձեւավորվելուն։

Անցած շաբաթ՝ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպման նախօրեին, երկու խմբակցությունները բավականին մարդաշատ հանրահավաք անցկացրին, որից հետո մեկնեցին մարզեր եւ փորձեցին այցելել Արցախ։ Արցախի դրոշը հայաստանյան տարբեր համայնքներում բարձրացնելու ֆլեշմոբը, թվում է, առանձնապես հերոսական քայլ չէր, բայց իշխանությունը դրան էլ սկսեց հակադրվել՝ ցուցադրելով իր բացասական վերաբերմունքն այն ամենի հանդեպ, ինչն առնչվում է Արցախին եւ նրա կարգավիճակի խնդրին։ Ընդդիմությունը խոստանում էր, որ շուտով պայքարը նոր թափով է մեկնարկելու, որ շուտով փողոց են ելնելու եւ թույլ չեն տալու Արցախի հարցում ճակատագրական ու անդառնալի որոշումներ կայացնել։ 

Այս պայքարի ծրագիրն արդեն մի քանի ամիս մշակվում էր, իսկ ապրիլի 5-ից՝ մեծ հանրահավաքից հետո առավել մանրակրկիտ էին քննարկում իրենց անելիքները։ Մենք տեղեկացանք, որ օրեր առաջ Վանեցյանը, պահպանելով էթիկայի նորմերը, այցելել է Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, երկար զրույց է ունեցել նրանցից յուրաքանչյուրի հետ, ասել է, որ չի կարելի ձեռքերը ծալած նստել՝ մարդիկ շատ դժգոհ են ընդդիմության պասիվությունից եւ քայլեր են պահանջում։ Խոսվել է նաեւ այն մասին, որ չի կարելի թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը կրկին ձախողի իրենց շարժումը՝ ժողովրդին նախկիններով վախեցնելով։ Ուստի ճիշտ կլինի, որ ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներն առաջին պլան դուրս չգան, թույլ տան, որ ավելի երիտասարդ գործիչները վերցնեն էստաֆետը եւ փորձեն կազմակերպել փողոցը։ Ամեն ինչ արվել է նրբորեն, որպեսզի նախկին նախագահները չվիրավորվեն եւ առաջ մղեն իրենց երիտասարդ թիմակիցներին։ Նաեւ իրենց խորհուրդներով աջակցեն հեռվից, բայց հաշտվեն կենսաթոշակի գնալու մտքի հետ։ Մանավանդ որ երկու նախագահների կողքին էլ կան երիտասարդ, խոստումնալից ու եռանդուն մարդիկ, որոնք կարող են լիդերությունը ստանձնել։ Այս ընթացքում բազմաթիվ քննարկումներ են արել թիմերով, մասնավորապես՝ Դաշնակցությունն է վերջին մեկ ամսվա ընթացքում տասնյակ ժողովներ արել։ Երկու խմբակցությունների լիդերներն են բազմիցս հանդիպել ու քննարկել իրավիճակը եւ եկել են համոզման, որ պետք է լինել արագ, օպերատիվ, կրեատիվ եւ ապակենտրոն։ Այսինքն՝ մի քանի թիմեր են աշխատելու, տարբեր տեղերում պայքարի օջախներ են ձեւավորելու, որոնք հետագայում կմիանան իրար՝ ակտիվացնելով հասարակությանը։

Դա կնշանակի՝ առաջիկա օրերին ցանցային պայքար են սկսելու, ինչի մասին նախօրեին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Ի դեպ, Արթուր Վանեցյանի եւ Իշխան Սաղաթելյանի միջեւ լուրջ ընկերություն եւ համախոհություն է ձեւավորվել, եւ երկու խմբակցությունների փոխհարաբերությունները կարգավորվում են նրանց շփումների միջոցով։ Ինչ վերաբերում է պայքարի ժամկետներին ու սցենարին, ապա, մեզ հասած տեղեկություններով, մեր ժողովրդի պայքարի սիմվոլներն են գործի դրվելու, գուցե Բաշ-Ապարանի, Սարդարապատի, Ղարաքիլիսայի թեմաները շոշափվեն, եւ որոշ գործողությունների մեկնարկը տրվի այս վայրերից, մարզային կառույցներն են ակտիվացնում եւ հետհաշվարկ են միացրել։ Այս ընթացքում կարեւորվելու են նաեւ ապրիլի 19-20-ին Փաշինյանի Մոսկվա այցը եւ դրա արդյունքները։ Իսկ վճռական պահը լինելու է Հայոց ցեղասպանության տարելիցի նախորդ օրը՝ ապրիլի 23-ի ՀՅԴ երիտասարդների ավանդական` ջահերով երթից սկսած, հաջորդ օրվա շարունակությամբ։ Եղեռնի զոհերի հուշակոթողի մոտ պայքարի կուլմինացիան է նախատեսված։ Իսկ Ազատության հրապարակը փորձելու են անընդհատ տաք պահել եւ տարբեր ակցիաներ իրականացնել: Այս պայքարը հայտարարել են որպես ապակուսակցական պայքար, որպեսզի այլ քաղաքական ուժեր էլ միանան, եւ որոշել են՝ բացի «Սասնա ծռերից», ոչ մեկին չմերժել։ Ի դեպ, «ծռերը»՝ ԱԺԲ-ն, անմիջապես տարանջատվել է՝ կոչ անելով մերժել պայքարի ելած ընդդիմությանը։

Ինչ վերաբերում է այն լուրերին, թե Արթուր Վանեցյանն անցած շաբաթ մեկնել էր Մոսկվա եւ այնտեղից է փողոց դուրս գալու հրահանգ ստացել, որով փորձում են այս պայքարը վարկաբեկել եւ պրոռուսական շարժում ներկայացնել, ապա իրականում դա Նիկոլ Փաշինյանի բռնած գիծն արդարացնելուն է ուղղված եւ Արեւմուտքից եկող թեզ է։ Իրականում ռուսական քաղաքական շրջանակները Հայաստանից եկող խնդրանքներին, թե Նիկոլ Փաշինյանը, Արեւմուտքի թելադրանքով, խաղաղության դարաշրջան է բացում՝ Արցախն Ադրբեջանին հանձնելու նպատակով, օգնեք մեզ՝ դիմակայենք այս արհավիրքին, պատասխանում են, թե ձեր հանրությունը ոչինչ չի ձեռնարկում, դժգոհ չէ, եւ պայքարող էլ ձեր երկրում չկա՝ մենք ի՞նչ կարող ենք անել։ Մենք ձեր երկրի ներքին գործերին չենք խառնվում, իսկ ձեզանում ե՛ւ հասարակությունը, ե՛ւ ընդդիմությունը չեն պայքարում, այսինքն՝ դուք համաձայն եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ։ Սա է նաեւ պատճառը, որ ընդդիմությունը որոշել է ապացուցել, որ Փաշինյանի քաղաքականությունից դժգոհ մարդիկ շատ են, եւ նրանք պատրաստ են նաեւ փողոց դուրս գալ։ Թե որքանով կհաջողվի այս պայքարը, ցույց կտա ժամանակը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։