կարևոր
1075 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-16 22:53

Պատերազմն Ուկրաինայում․ օր 52․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուս-ուկրաինական պատերազմի 52-րդ օրն օդային տագնապի ազդանշաններ են նորից հնչել մայրաքաղաք Կիեւում: Գնդակոծվել է Կիեւի Դառնիցկի շրջանը: Ուկրաինական կողմի հաղորդմամբ՝ պայթյուններ են գրանցվել նաեւ երկրի արեւմուտքում գտնվող Լվով քաղաքում: Բացի այդ, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ ռուսական բանակն առավել ակտիվ է Սլոբոժանսկի եւ Դոնեցկի ուղղություններով: Ռուսներն ամրապնդել են դիրքերը Իզյումի մոտ, մասամբ արգելափակել են Խարկովը, եւ ինչպես ուկրաինական կողմն է պնդում, դեռ փորձում են լիարժեք վերահսկողություն սահմանել Մարիուպոլում:

Կիեւում տեղի ունեցածի վերաբերյալ իր մեկնաբանությունն ունի նաեւ ռուսական կողմը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովն ասել է, որ ռուս զինվորականները մեծ հեռահարության եւ բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել են Կիեւի զրահատանկային գործարանի արտադրական մասնաշենքերն ու Նիկոլաեւի ռազմական տեխնիկայի վերանորոգման արտադրամասերը:


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, թե պատերազմի մեկնարկից ի վեր Ուկրաինան կորցրել է 2.5-ից 3 հազար զինծառայող, վիրավորների թիվը մոտ 10 հազար է: Վերջին անգամ մոտ մեկ ամիս առաջ Զելենսկին հայտնել էր մոտ 1300 զոհի մասին: Ռուսաստանն, ի դեպ, դեռ նոր տվյալներ չի փոխանցել իր մարդկային կորուստների մասին: Այդ երկրի պաշտպանության նախարարությունը վերջին անգամ մարտի 25-ին հայտնել էր, որ ունեն մոտ 1350 զոհ եւ ավելի քան 3800 վիրավոր: Մինչդեռ, Կիեւը պնդում է, թե իբր ռուսները մոտ 20 հազար զինծառայող են կորցրել:

Մոսկվան բողոքի նոտա է հղել այն երկրներին, որոնք զենք են մատակարարել Ուկրաինային: Պատասխանելով հարցին, թե որ երկրներին է բողոքի նոտա հղվել` Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է` բոլոր: Այսինքն՝ ստացվում է նաեւ Միացյալ Նահանգներին: Մոսկվան նաեւ պաշտոնապես նախազգուշացրել է «անկանխատեսելի հետեւանքների» մասին, եթե ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները շարունակեն զենք տրամադրել Կիեւին:


Ռուսաստանը պատասխանել է Մեծ Բրիտանիայի պատժամիջոցներին ու «սեւ ցուցակում» ներառել բրիտանական կառավարության առանցքային անդամների անուններ, այդ թվում` երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի, թագավորության արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի անունները: Նրանց մուտքը Ռուսաստան այսուհետ փակ կլինի:

Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը «ռասիզմ» է անվանել այն փաստը, որ Արեւմուտքը փախստականներին փաստացի բաժանում է երկու մասի՝ ուկրաինացիների եւ այլ երկրների փախստականների: Նա ընդգծել է, որ ուկրաինացիներին լավ են ընդունում, մյուսներին՝ վատ: «Փախստականները բաժանվում են առաջին եւ երկրորդ դասերի՝ ըստ իրենց մաշկի գույնի, թե որտեղից են նրանք գալիս՝ զարգացած կամ թերզարգացած երկրից: Մենք ռասիստներ ենք, եւ դա վատ է»,- ասել է Ֆրանցիսկոս Առաջինը:

Մանրամասները ներկայացնում է Անահիտ Իվանյանը