Քառորդ դար եւ հսկայական գործունեություն. կազմակերպությունը ծավալել ու հասցրել է իրագործել բազմաթիվ ծրագրեր ընդհուպ մինչեւ մեր օրեր: Այսօր Հայաստանի սկաուտական կազմակերպությունը մասնաճյուղեր ունի բոլոր մարզերում: Իսկ Բյուրականում պարբերաբար անցկացվում են ոչ միայն համահայկական, այլեւ տարածաշրջանային բանակումներ՝ ապահովելով սփյուռքի երիտասարդության հետ կապը:
1910 թվականի ապրիլի 18-ին Պոլսի փողոցներով անցել են հայ առաջին սկաուտական շարքերը: Ապրիլի 18-ը հռչակվել է որպես Հայ Սկաուտի օր: 1918 թվականին հայ երիտասարդությանը մի դրոշի ներքո համախմբելու անհրաժեշտությամբ Կոստանդնուպոլսում հիմնվեց մի կազմակերպությյուն, որին պատմականորեն վերապահվեց նաեւ հայապահպանման առաքելությունը: Դա` Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունն էր: Հայաստանի առաջին հանրապետության տարիներին կրթության եւ գիտության նախարար Նիկոլ Աղբալյանի հրավերով կազմակերպությունը սկսել է գործել նաեւ Հայրենիքում: 1920 թվականի ապրիլի 18-ին Երեւանում նշվել է Հայ Սկաուտի օրը։ Հազարավոր սկաուտներ, համաձայն, վկայությունների, տողանց են արել Երեւանի կենտրոնական փողոցներով։ Հայրենիքում, սակայն միության կյանքը կարճ էր: 1923 թվականից բոլշեւիկյան կառավարության արգելքով կառույցը ներսում դադարել է գործունեությունն ու իր առաքելությունը կատարել սփյուռքում: Տասնամյակներ անց, Հայ Սկաուտի օրը վերականգնվել է նորանկախ երկրում։ 1992 թվականի ապրիլի 18-ին Երեւանի կենտրոնական փողոցներով կրկին հազարավոր սկաուտներ տողանց են արել, իսկ երթի ավարտին ծառատունկ է կազմակերպվել Կասկադում։ Միությունը հայրենիք է վերադարձել 1989 թվականին, իսկ 1995-ին գրանցվել է Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպություն անվամբ:
Ներկայում Հայաստանի Ազգային Սկաուտական Կազմակերպությունն ակտիվ գործունեություն է ծավալում մայրաքաղաքում եւ մարզերում: Դաստիարակում է երիտասարդներին, ապահովում է կապը սփյուռքի երիտասարդության հետ: Նաեւ անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպություններին:
Մանրամասները ներկայացնում է Ալիսա Մելքոնյանը