Հակահայ հայտարարությունների հրավառություն էր ԱԺ-ում: «Փաստինֆո»-ի եթերում իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն այսպես է որակել Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ականների վերջին հայտարարությունները՝ Արցախի մասին:
Բանախոսը պատահական չի համարում, որ խորհրդարանում նման հայտարարություններ են հնչել այն ժամանակ, երբ ընդդիմությունը չէր մասնակցում ԱԺ քառօրյային և փորձել էր մեկնել Արցախ.
«ՔՊ-ում վաղուց հասունացել էր պահը, որ նման հայտարարություններ անեին և ցույց տային, որ իրենց համոզմունքն այն է, որ Հայաստանը սխալ է արել, երբ իր ազգային շահերն է Արցախի մասով առաջ տարել, ճիշտը Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելն էր և առևտուր անելն է: Մի քանի տարի առաջ այս գաղափարները կյանքի իրավունք չունեին, որևէ մեկը չէր կարող նման միտք արտահայտել, սակայն հիմա խորհրդարանից բացեիբաց խոսում են այս մասին»,-ասաց նա:
Հայաստանի իշխանությունների՝ Արցախի վերաբերյալ տարակուսելի հայտարարություններից հետո Արցախի ԱԺ-ն հայտարարությամբ հանդես եկավ, որով պահանջում էր Հայաստանի իշխանություններից հրաժարվել աղետաբեր քաղաքականությունից:
Ըստ Ռուբեն Մելիքյանի՝ Արցախի խորհրդարանի հայտարարությունը սպասելի էր, իսկ ձևակերպումները բավականին կոշտ էին.
«Ուրիշ ի՞նչ անի Արցախի խորհրդարանը, երբ մի մարդ, որ հրապարակներում հայտարարում էր՝ ես ոչ մի բան չեմ անի, կգամ կխորհրդակցեմ, հիմա որոշում է, որ Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները պետք է կարգավորենք, հայտարարում է, թե միջազգային հանրությունը պահանջում է իջնենք Արցախի կարգավիճակի կարմիր գիծը»,-ասաց Ռուբեն Մելիքյանը
Բանախոսը նաև հայտարարեց, թե ՔՊ-ականների սեղաններին կան թղթեր, որ իրենց վարկանիշը կտրուկ անկում է ապրում.
«Նրանք լավ պատկերացնում են, որ գրագետ աշխատանքի դեպքում հարցը շատ արագ կարող է լուծվել և Հայաստանում այլևս չի լինի իշխանություն, որը պրոթուրքական կամ պրոադրբեջաական քաղաքականություն է վարում, Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները շատ լավ հասկանում են սա»,-ասաց Ռուբեն Մելիքյանը: