Աղվան Հովսեփյանին որպես նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին ղեկավար այդպես էլ որևէ բան չմեղսագրեցին։ Այս մասին հայտարարել է Աղվան Հովսեփյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։
«Երբ հայտարարում էին, թե այդ համակարգում ապօրիներություններ, հանցագործություններ են եղել, պարզվում է, այդպիսիք չկան»,-ասաց Սարգսյանը։
«Այն հարուցվեց պաշտոնական անփութության հետ կապված ինչ-որ դրվագով։ Այդ գործը հարուցեցին ձևական։ Մինչև Աղվան Հովսեփյանին մեղադրանք առաջադրելը նրան նույնիսկ հարցաքննելու կարիք չեն զգացել։ Այնքան սուտ գործ է եղել, որ հարցաքննելու կարիք չկա։ Այդ գործի շրջանակում մեկ էլ 1.5 տարի անց որոշեցին մեղադրանք առաջադրել ու կալանավորել»,-ասաց փաստաբանը։
Հովսեփյանին ազատությունից զրկելը փաստաբանը պայմանավորում է անցած տարվա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նրա հայտարարություններով։
«Աղվան Հովսեփյանը հայտարարում է, որ սատարելու է ՀՀ երկրորդ նախագահին, և դրանից հետո սկսում է այս տարափը։ Այդ խոսքերից հետո հանկարծ հայտնվում են մեղադրանքներ, կալանավորումներ»,-ասաց փաստաբանը։
Արձագանքելով մեղադրող կողմի այն հայտարարություններին, թե կալանք են դրել Աղվան Հովսեփյանի հաշիվներին՝ 6.8 մլրդ դրամի չափով, Սարգսյանը նախ խորհուրդ տվեց, թող հայտարարեն 10 միլիարդ, ավելի հնչեղ է, ապա հարց հնչեցրեց՝ այդ ինչպե՞ս են հաշվել։
«Կալանք են դրել նույնիսկ Աղվան Հովսեփյանի թոշակի վրա։ Չգիտե՞ն նախաքննական մարմինն ու դատախազությունը, որ թոշակի վրա կալանք դնելու իրավունք չունեն։ Աղվան Հովսեփյանի որդիների բոլոր գույքերի, հաշիվների վրա կալանք է դրված»,-ասաց Սարգսյանն ու ապօրինություն որակեց այն։
Սարգսյանն ասաց, որ քննությունն իրականացվել է ուղղորդված և այդ հիմքով բացարկ է ներկայացվել քննիչին։ Ինչ վերաբերում է կալանավորմանը, ապա փաստաբանը նշեց, որ դատավոր Դավիթ Արղամանյանը հիմք է հորինել՝ արդարացնելու Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելը, պարզ է, որ Դավիթ Արղամանյանը հստակ խնդիր ունի դրված, որ պետք է անընդհատ երկարացնի կալանավորման ժամկետը։
Մասնավորապես, Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացնելու միջնորդության քննության ընթացքում քննիչը նշել է, որ վկաների հարցաքննություն չի նախատեսվում, պետք է հարցումներ իրականացվեն, որոնց կարող է, իբրև, խոչընդոտել Աղվան Հովսեփյանը, սակայն դատավոր Արղամանյանը դատական ակտում նշել է, թե պետք է հարցաքննվեն վկաներ, իսկ որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելուց հետո Դավիթ Արղամանյանը մեկ ամիս անց է նյութերն ուղարկել վերաքննիչ դատարան, ինչով, փաստացի, տևական ժամանակ անձը զրկվել է խափանման միջոցի վերանայման, ստուգման իրավունքից։
Հիշեցնենք, որ երեկ դատախազությունը հայտարարեց, որ Աղվան Հովսեփյանի նկատմամաբ հարուցված քրեական գործն ուղարկվել է դատարան։ Քրգործը հարուցվել էր 2020-ի մարտի 3-ին։