կարևոր
394 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-16 13:01

Նիկոլ Փաշինյանը ստում է. Ֆրանսիայի կողմից ոչ մի ճնշում չկա. Մուրադ Փափազյան

Նիկոլ Փաշինյանը ստում է. Ֆրանսիայի կողմից ոչ մի ճնշում չկա. Մուրադ Փափազյան

«Արդյոք կա՞ մեկ հայ աշխարհի վրա, որ համաձայն է Արցախը վերադարձնել Ադրբեջանին: Կա՞ մեկ հայ, որ համաձայն է Նիկոլ Փաշինյանի այս որոշման հետ: Մենք խստորեն դատապարտում ենք Փաշինյանի այս որոշումը: Փաշինյանն իրավունք չունի Արցախին պարտադրել թշնամու լծի տակ ապրել: Հիշեցնենք, որ դա ինքն է որոշել Ալիևի հետ: Եվ այս որոշումը նշանակում է՝ Արցախի ժողովուրդը լուրջ վտանգի տակ է»,- 168.am-ի հետ զրույցում նշել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը՝ հավելելով, որ Արցախի շուրջ միասնականությունը, ի վերջո, Հայաստանին ի նպաստ կեցվածք է, որովհետև Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Ալիևի և Էրդողանի նպատակն Արցախը չէ միայն, այլ Հայաստանը:

«Արցախից հետո Հայաստանի հերթն է գալու, քանի որ գիտեն՝ Հայաստանը պաշտպանված չէ պատշաճ: Նիկոլ Փաշինյանի հաջորդ քայլը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելն է, որը նշանակում է՝ և՛ դիվանագիտական, և՛ առևտրային հարաբերությունների վերականգնում: Այսինքն, սա ենթադրում է, որ տնտեսապես Թուրքիան հաստատվելու է Հայաստանում՝ իր ընկերություններով, ավելին, գնելու է հայկական ընկերություններ, որպեսզի Հայաստանի ժողովուրդը աշխատի թուրքերի համար և կապված լինի Թուրքիայի հետ, կամ կախվածության մեջ լինի Թուրքիայից: Այլ կերպ ասած՝ մի կողմից՝ Ադրբեջանի լծի տակ, մյուս կողմից՝ Թուրքիայի: Սա՞ է Փաշինյանի խոստացած ապագան հայ ժողովրդի համար: Մենք դեմ ենք և կոչ ենք անում համայն հայությանը, որ մերժեն և դատապարտեն Նիկոլ Փաշինյանին»,- շարունակեց Մուրադ Փափազյանը:

Ապրիլի 13-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե՝ «միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ»:

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահը վստահեցրեց՝ Նիկոլ Փաշինյանը ստում է:

«Մասնավորապես, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Ֆրանսիայից ոչ մի նման ճնշում չկա: Սրանով գուցե Փաշինյանը փորձում է արդարացնել իր արածը: Կրկնում եմ՝ Ֆրանսիայից ճնշում չկա»,- ընդգծեց Մուրադ Փափազյանը:

Այս համատեքստում նա հիշեցրեց, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զարմացել էր, որ պատերազմի օրերին Փաշինյանն իր հետ կապ չէր հաստատում, և դրա նախաձեռնողը միշտ ինքն էր: Այսինքն, միշտ Ֆրանսիայի նախագահն էր հեռագրեր ուղարկում կամ հեռաձայնում Փաշինյանին, և Փաշինյանը միշտ պատասխանողի դերում էր, երբեք նախաձեռնությունն իր ձեռքը չի վերցրել և գրել ու տեղեկություն տրամադրել Ֆրանսիայի նախագահին՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից առաջ և հետո: Մինչդեռ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է և աշխարհի հզոր պետություններից մեկը:

«Փաշինյանը պատերազմի ընթացքում Մակրոնին միշտ ասում էր, որ ամեն ինչ նորմալ է ընթանում: Եվ երբ մենք պահանջում էինք, որ Ֆրանսիան ճանաչի Արցախի անկախությունը, մեզ պատասխանում էին՝ ինչպե՞ս ճանաչեն, երբ ինքը՝ Հայաստանը, չի ճանաչել: Մակրոնը զարմանում էր, որ մենք ավելի պահանջատեր ենք, քան Փաշինյանը»,- շեշտեց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Մուրադ Փափազյանը հարկ համարեց հիշատակել 2018-ի օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ Փաշինյանի արած հայտարարությունը Արցախի հարցի կարգավորման հետ կապված, որտեղ, մասնավորապես, ասվում էր.

«Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհավատամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե՞ չենք գնում: Կորոշեք, որ գնում ենք՝ ուրեմն կգնանք, կորոշեք, որ չենք գնում՝ ուրեմն չենք գնա: Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:

«Թող իր խոսքին տեր կանգնի: Թող հավաքի ժողովրդին, որպեսզի նրանք որոշեն: Հայտարարված էր նաև, որ ինքն Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ, և այս պատճառով չի կարող նրանց ճակատագիրը որոշել: Ուրեմն թող հիմա լռի»,- եզրափակեց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: