կարևոր
838 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-16 12:40

Խաղաղապահներին երկու կողմն էլ կշտամբում է. «Փաստ»

Խաղաղապահներին երկու կողմն էլ կշտամբում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն գրում է, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում: Սովորաբար Հայաստանի քաղաքացիները առանց սահմանափակումների կարող են մուտք գործել իրենց վերահսկողության տակ գտնվող այդ տարածք, և ընդդիմադիր պատգամավորների խումբն է դարձել այս կանոնից թերևս առաջին լուրջ բացառությունը։

Ապրիլի 12-ի առավոտյան խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ղեկավարները հայտարարել են, որ հրաժարվում են նիստերին մասնակցելուց և երկրի համար շատ ավելի օգտակար են համարում գործուղումը Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանին սահմանակից շրջաններ: «Քանի որ այս խորհրդարանական մեծամասնության օրակարգը կապ չունի Արցախի անվտանգության հետ, մենք չենք մասնակցի քառօրյային և կգնանք Արցախ»,- հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն աջակցել է իր գործընկերոջը: Մյուս կողմից՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները սուր քննադատության են ենթարկել ընդդիմադիրներին՝ նրանց արարքը որակելով որպես տարածաշրջանում խաղաղություն հաստատելու՝ պաշտոնական Երևանի ջանքերը ձախողելու փորձ։ Այնուամենայնիվ, ռուս խաղաղապահների կողմից ընդդիմադիրներին թույլ չի տրվել հասնել Ստեփանակերտ։ Դա անմիջապես դիտվել է որպես Նիկոլ Փաշինյանի և նրա ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի կազմակերպած դավադրություն։ «Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող»,- ասել է ընդդիմության ներկայացուցիչ Իշխան Սաղաթել յանը։ Մինչդեռ Հայաստանի ԱԳՆ-ն և ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, անսպասելիորեն որոշել են տեր կանգնել իրենց քաղաքական հակառակորդներին և սկսել են քննադատել խաղաղապահների գործողությունները։

«ՀՀ ԱԳՆ-ն մտահոգված է այն փաստով, որ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ծառայողները չեն թույլատրել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների մուտքը Լեռնային Ղարաբաղ»,- հայտարարել է ԱԳՆ-ն։ Մոտավորապես նույն ոգով է խոսել նաև երկրի վարչապետը։ Նրա խոսքով, Լաչինի միջանցքում «որևէ կարգի ստուգման գործառույթ նախատեսված չէ, առավել ևս՝ ԱԺ պատգամավորների շարժը արգելելու»։ Այդ ամենից մի քանի ժամ անց Երևանը, այնուամենայնիվ, խաղաղապահների անսովոր խիստ պահվածքի պատճառների մասին Մոսկվայից պատասխան է ստացել։ «Ռուսական կողմից եղել է պարզաբանում, որ սադրանքներ կարող են տեղի ունենալ, և ահա այդ սադրանքներից Լեռնային Ղարաբաղը զերծ պահելու համար նրանց մուտքը նպատակահարմար չի դիտվում», - խորհրդարանում կառավարության ժամին ասել է ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։ Մինչդեռ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը kommersant-ին հիշեցրել է, որ Բաքվում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գործողություններն արդեն իսկ բազմիցս դժգոհություններ են առաջացրել։ Սակայն հիմա, ըստ Մուսաբեկովի, ռուս զինվորականներն արդար են գործել:

«Բաքուն պատրաստ է աշխատանքային հարաբերություններ պահպանել խաղաղապահների հետ և ճիշտ գնահատել բոլոր քայլերը, որոնք համապատասխանում են համաձայնեցված կանոններին։ Պարզապես պետք չէ ներկայանալ որպես տարածքի տեր կամ հայության պաշտպան, պետք է հասկանալ, որ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում, ժամանակով և վայրով պայմանավորված, սահմանափակ խաղաղապահ առաքելություն է իրականացվում,ասել է նա,- անջատողականությանը աջակցելը անընդունելի է»։ Մուսաբեկովը հիշեցրել է նաև այն դեպքերը, երբ Ղարաբաղի հայերի անկախությանն աջակցող քաղաքական գործիչները, այնուամենայնիվ, մտել են տարածաշրջան։

«Վալերի Պեկրեսեի (Ֆրանսիայի նախագահի թեկնածու) և ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հարցերով Բաքուն համապատասխան կոշտ նախազգուշացում արեց խաղաղապահներին։ Ռուսական կողմից, իր հերթին, անհասկանալի արդարացումներ էին հնչել առ այն, որ անցակետում գտնվող զինվորականները չեն կարող իմանալ նշված անձանց՝ Ղարաբաղ այցելության նպատակը,- ասել է նա,- բայց հայ ընդդիմադիր պատգամավորներն ի սկզբանե են հայտարարել իրենց այցի մասին՝ որպես յուրատեսակ ցուցադրություն, և խաղաղապահները չէին կարող նրանց հանգիստ թողնել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք։ Ամփոփեմ. Հայաստանի քաղաքացիները, նույնիսկ պատգամավորները, քաղաքական գործիչները կարող են այցելել Ղարաբաղ՝ որպես անհատներ, սակայն քաղաքական դրսևորումներն անընդունելի են և պետք է դադարեցվեն»։

Հայ քաղաքագետ Բենիամին Պողոսյանն իր հերթին ռուս խաղաղապահների գործողություններում տեսնում է հայ-ադրբեջանական կարգավորումը Հայաստանի ներքաղաքական գործընթացներից մեկուսացնելու ցանկություն։ «Ռուսաստանը ցանկանում է շարունակել Ղարաբաղյան կարգավորումը, որը դեռևս առաջ չի շարժվել այն կետից, որտեղ կողմերը կանգ են առել 2020 թվականի նոյեմբերի 9-ին,- kommersant-ի հետ զրույցում ասել է նա,- դա չի նշանակում, որ Ռուսաստանը անպայման ցանկանում է ավարտին հասցնել խաղաղության պայմանագրի հանգուցալուծման գործընթացը, բայց պարապուրդը նույնպես չի բխում Մոսկվայի շահերից։ Այդ առումով, Ռուսաստանը կարող է ելնել նրանից, որ ընդդիմադիր պատգամավորների այցն Արցախ և այն քաղաքական ակտիվության կետի վերածելը կարող է խանգարել Հայաստանի ղեկավարությանը սկսել խաղաղության համաձայնագրի և սահմանազատող հանձնաժողովի ստեղծմանը»։

Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում