կարևոր
496 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-16 10:56

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնել է պլանային նախազգուշական վերանորոգման

Ապրիլի 16-ին՝ ժամը 00:30, ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը կանգնեց ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման` 73 օր տևողությամբ: Այս մասին հայտնում են Հայկական ատոմային էլեկտրակայանից:

ՊՆՎ-2022-ի ընթացքում նախատեսվում է իրականացնել հետևյալ հիմնական աշխատանքները՝ - ռեակտորի միջին վերանորոգում՝ ակտիվ գոտու մասնակի վերաբեռնմամբ, - թիվ 4 և 5 գլխավոր շրջանառու պոմպերի հիմնանորոգում, - թիվ 1 և 6 գլխավոր շրջանառու պոմպերի ընթացիկ վերանորոգում, - թիվ 4 և 5 շոգեգեներատորների հիմնանորոգում, - տուրբագեներատորների միջին վերանորոգում:

ՊՆՎ-2022-ի ընթացքում շարունակվելու են ակտիվ գոտու վթարային հովացման, հուսալի սնուցման և սպրինկլերային համակարգերի, ինչպես նաև տուրբինային տեղակայանքի օժանդակ համակարգերի արդիականացման աշխատանքները: Նախատեսվող աշխատանքներում ՀԱԷԿ-ի հիմնական արտադրամասերի աշխատակիցներից բացի ներգրավված են Ռուսաստանի Դաշնության, Խորվաթիայի, Սլովակիայի, Չեխիայի և այլ երկրների մասնագետներ, որոնք ատոմակայանների համակարգերի և սարքավորումների վերանորոգման հարուստ փորձ ունեն:

Գործընթացում ուրույն դերակատարում ունեն նաև ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի մասնագետները: ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի գործարկումը նախատեսվում է ս/թ հունիսի 28-ին: