«Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակներից վերցված նմուշներում մանրէաբանական ցուցանիշներով որևէ անհամապատասխանություն չի արձանագրվել. այսպիսին են լաբորատոր փորձաքննության արդյունքները: Այս մասին հայտնում է ՍԱՏՄ-ն։
Տեսչական մարմնից հայտնում են, որ նկատի ունենալով Եվրոպական մի շարք երկրներում «Կինդեր» շոկոլադներից արձանագրված սալմոնելայով վարակվելու դեպքերի մասին տեղեկատվությունը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել այդ ապրանքանիշի շոկոլադի և շոկոլադային արտադրանքի նկատմամբ։
Արդյունքում՝ «Կինդեր» շոկոլադներ ներկրող երկու կազմակերպությունում առկա խմբաքանակներից վերցվել էին նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության:
Տեսչական մարմնի կողմից «Կինդեր» ապրանքանիշի արտադրատեսակների իրացման կասեցումը վերացվել է:
Ավելի վաղ ՍԱՏՄ-ն հայտնել էր, որ նշված ապրանքանիշը ներկրում է երկու կազմակերպություն. «Սլավ Գրուպ» ՓԲԸ-ն ներկրում է Ռուսաստանից, «ՍԱՍ Գրուպ»-ը՝ Գերմանիայից։