կարևոր
1270 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-15 12:30

Փողոցային պայքարը պետք է ակտիվացվի, բայց ցնցումներ չենք ուզում․ Անդրանիկ Թևանյան

Փողոցային պայքարը պետք է ակտիվացվի, բայց ցնցումներ չենք ուզում․ Անդրանիկ Թևանյան

Երեկ Նիկոլ Փաշինյանը տողակատակով մեղադրեց Ռուսաստանին՝ Հայոց ցեղասպանության պատճառ դառնալու մեջ, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Երբ նա երեկ ասում էր, որ խորքային պատճառները պետք է նայենք, Փառուխի դեպքերի հետ էր զուգահեռներ տանում, իր ասածը հետևյալն էր՝ ես հանուն իմ իշխանության առևտրի մեջ եմ մտել Թուրքիայի հետ, այդ պրոցեսի արդյունքում Արցախը թողնելու եմ Ադրբեջանի կազմում և դրա դիմաց ստանամ երաշխիքներ իմ իշխանությունը պահելու համարԵվ եթե դրա գինն այն է, որ ես պետք է Ռուսաստանի դեմ աշխատեմ, ես պատրաստ եմ դրան։ Փաստացի, նրա հայտարարությունը դա էր նշանակում», - ասաց նա:

Թևանյանը նշեց՝ դրան զուգահեռ Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությունից աջակցություն է ակնկալում՝ Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու հարցում միայնակ չմնալու համար։

«Միջազգային հանրությունը, իրականում պատրաստվում է հետնիկոլական Հայաստանին, որովհետև բոլորը հասկանում են, որ եթե Նիկոլ Փաշինյանը հանկարծ, Աստված մի արասցե, հաջողի իր ծրագրում, միևնույն է, չի մնալու։ Այդ դեպքում պետք է հասկանալ՝ ով ինչ շահերի տիրույթում է հայտնվելու հետնիկոլական Հայաստանում», - ասաց պատգամավորը։

Անդրանիկ Թևանյանի կարծիքով՝ Հայաստանի հանրությունը նույնպես պետք է պատրաստվի «հետնիկոլական Հայաստանին», իսկ իրենք պետք է հասարակությանը ոտքի հանելու գործընթացը ճիշտ կազմակերպեն՝ փոփոխությունների հասնելու համար։

«Մարդկանց պետք է տանք այն մոտեցումը, որ իշխանափոխությունը ոչ թե պատերազմ է նշանակում, այլ նշանակում է խաղաղություն», - ասաց նա։

Անդրանիկ Թևանյանը անդրադարձավ Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը․

«Միանում ենք Արցախի խորհրդարանում ընդունված հայտարարությանը, որով Հայաստանի և Արցախի խորհրդարաններում փաստացի հաստատվեց «կոնսենսուս մինուս մեկ» տարբերակը։

Այսինքն, Արցախը 100 տոկոսով՝ ի դեմս իր խորհրդարանի և Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը դեմ են այն մոտեցմանը, համաձայն որի լղոզված, մանիպուլյացիաներով և այլ տարբերակներով հանրությանը ներկայացնելով՝ փորձում են տարածել, որ իբր Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում», - ասաց Թևանյանը։

Պատգամավորը հիշեցրեց՝ գործող իշխանությունն ասել էր, որ խնդրի լուծումը պետք է բավարարի Արցախի ժողովրդին, սակայն Արցախի ժողովուրդը դեմ է այդպիսի լուծմանը և Հայաստանի իշխանություններին համարում է ոչ լեգիտիմ. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ «կոնսենսուս՝ մինուս Նիկոլ Փաշինյան» տարբերակը վերածվի քաղաքական արդյունքի», - ասաց Անդրանիկ Թևանյանը։

Նրա խոսքով՝ ընդդիմությունն այժմ պետք է կազմակերպվի՝ հաշվի առնելով փողոցային պայքարի ընթացքում նախկինում թույլ տրված սխալները։

«Փողոցային պայքարը պետք է ակտիվացվի, բայց ցնցումներ չենք ուզում»,- ասաց նա՝ ընդգծելով, որ ցնցումներ կարող է հրահրել Փաշինյանը իր դաշնակից Ալիեւի աջակցությամբ։