կարևոր
565 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-15 11:27

Զորակցում եմ Արցախի ազատության և Հայաստանի հարատև անվտանգության համար նոր թափ ստացող պայքարին․ Ավետիք Չալաբյան

Զորակցում եմ Արցախի ազատության և Հայաստանի հարատև անվտանգության համար նոր թափ ստացող պայքարին․ Ավետիք Չալաբյան

Քաղաքական-հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի հիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է Արցախի ԱԺ-ի երեկվա հայտարարությանը.

«Երեկ Արցախի Ազգային ժողովը աննախադեպ հայտարարություն ընդունեց, որով վերհաստատեց ազատ ապրելու Արցախի ժողովրդի կամքը, պահանջեց Հայաստանի գործող իշխանություններին՝ հրաժարվել Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու աղետալի ուղեգծից, և կոչ արեց ողջ աշխարհի հայությանը՝ զորավիգ կանգնել հայրենիքի ազատության համար պայքարող Հայաստանի և Արցախի բնակչության կողքին։ Ստորև բերում եմ հայտարարության տեքստն ամբողջությամբ՝

«Արցախի Հանրապետության ներկայիս իրավաքաղաքական կարգավիճակը ձևավորվել է համաժողովրդական կամքի արտահայտությամբ 3 հանրաքվեների, դրանց արդյունքում ընդունված Սահմանադրության ազդեցությամբ և հայության բոլոր հատվածների միջև նախընթաց տարիներին հաստատված համազգային համաձայնության ճանապարհով։

Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը։ Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել։ Հայաստան-Ադրբեջան չակերտավոր խաղաղության օրակարգով Արցախն Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը։

Պահանջում ենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այդ արժեքներով։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի խաղաղության պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու։
Արցախահայության անունից դիմում ենք աշխարհասփյուռ հայությանը՝ այս արդար պայքարում միասնաբար և վճռականորեն կանգնել Հայաստանի և Արցախի, մեր եղբայրների ու քույրերի կողքին։
ՀՀ ԱԺ մեր գործընկերներին՝ չշեղվել ՀՀ գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման ուղեգծից։

ՌԴ ղեկավարությանը՝ մեզ համար խիստ կարևոր խաղաղապահ առաքելության ընթացքում առիթ չտալ որևէ մեկին՝ շահարկել ծագող խնդիրները, որպես Արցախի ժողովրդի հետագա անվտանգությունը հարցականի տակ դնելու հիմք։

ԵԱԿՀ Մինսկի համանախագահ երկրներին՝ անկախ առկա այլ տարաձայնություններից, ջանքեր գործադրել, պահպանելու ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ»։

Անսալով այս կոչին, ես՝ Ավետիք Չալաբյանս, զորակցում եմ Արցախի ազատության և Հայաստանի հարատև անվտանգության համար նոր թափ ստացող պայքարին, միանում եմ նրան՝ որպես մեր միասնական հայրենիքի զինվոր, և կշարունակեմ այն՝ մինչև մեր հայրենիքը հասնի խաղաղ և անվտանգ հանգրվան։

Յուրաքանչյուրիդ կոչ եմ անում՝ հաղթահարել երկմտանքն ու անորոշությունը, զորակցել Արցախի մեր քույրերին և եղբայրներին, և հետևողական պայքարով և աշխատանքով նվաճել մեր միասնական հայրենիքում ազատ ապրելու իրավունքը»։