կարևոր
979 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-14 16:17

Այսօր Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

Այսօր Արթուր Մկրտչյանի հիշատակի օրն է

30 տարի առաջ, ապրիլի 14-ին ընդհատվեց դաշնակցական, Արցախի քաղաքական և պետական գործիչ, ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ, ազգագրագետ Արթուր Մկրտչյանի կյանքը:

1992 թվականի հունվարի 7-8-ին կայացած ԼՂՀ Գերագույն խորհրդի անդրանիկ նիստում նախագահ ընտրվեց 32-ամյա Արթուր Մկրտչյանը, ով հասցրեց երկրորդ հայկական պետությունը ղեկավարել է ընդամենը 97 օր: Նախագահ ընտրվելուց երեք ամիս անց Մկրտչյանի դին գտնում են իր բնակարանում:

Թեև Արթուր Մկրտչյանը հասցրեց ղեկավարել ընդամենը 3 ամիս, սակայն նրա անձը, կյանքի ուղին և ճակատագիրն անջնջելի հետք թողեցին հայոց նորագույն պատմության մեջ, այդ իսկ պատճառով այսօր, երբ կանգնած ենք Արցախի պետականության կորստի առջև, մեր ժողովուրդը իսկապես զգում է Արթուր Մկրտչյանի նման անհատների և քաղաքական գործիչների կարիքը:

30 տարի անց, երբ վտանգված է Արթուր Մկրտչյանի սկսած գործը, բազմաթիվ մարդիկ էին նրա գերեզման-հուշաքարի մոտ հավաքվել: ՀՅԴ Արցախի ԿԿ, Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեության անդամները, ՀՕՄ-ի, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամները, Արթուր Մկրտչյանի հարազատները և ԱՀ ԱԺ պատգամավորները եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու Ա. Մկրտչյանի շիրիմին և վերահաստատելու իրենց հավատարմությունը՝ կիսատ թողնված գործին:

ԼՂՀ Գերագույն խորհրդի, ԱՀ Ազգային Ժողովի առաջին եւ երկրորդ գումարումների պատգամավոր Աշոտ Սարգսյանը «Ապառաժ»--ի հետ զրույցում նշեց, որ Արթուր Մկրտչյանը ընդգծված ազգային մտածելակերպ ունեցող ղեկավար է եղել:

«Արցախի բոլոր ղեկավարները տարբեր բնավորության տեր մարդիկ էին, սակայն Արթուր Մկրտչյանն ընդգծված ազգային մտածելակերպ ուներ, որին օգնել են նրա մասնագիտական գիտելիքները: Նա ծանոթ էր ազգի կենսակերպին և մտածելակերպին, որի պատճառով էլ նրա համար և հե՛շտ էր և դժվար: Հեշտ էր, որովհետև շատ լավ տիրապետում էր իրավիճակին, դժվար՝ որովհետև իրեն և՛ Հայաստանում, և՛ Արցախում դժվար էին հասկանում իր մտածելակերպն ու գործելակերպը, քանի որ այն զուտ հայկական գործելաոճ էր և չէր համապատասխանում միջազգային ստանդարտներին»,-ասել է նա:

Աշոտ Սարգսյանը կարծում է՝ բոլորն էլ պետք է իմանան, որ թեև Ա. Մկրտչյանն ընդամենը 97 օր է ղեկավարել Գերագույն խորհուրդը, սակայն կարողացել է ցույց տալ, որ կարելի է լինել պետության ղեկավար և հոգ տանել պետության մասին:

«Ցավոք սրտի մենք ազգային այնպիսի բնավորություն ունենք, որ ասում ենք, թե պետությունը սկսվում է ընտանիքից: Սա է պատճառը որ նրան հաջորդած բոլոր ղեկավարները ավելի շատ իրենց ընտանիքների ու բարեկամների մասին են մտածել, քան թե պետության: Ա. Մկրտչյանը ժամանակին կոտրել էր այդ կարծրատիպը և սեփական օրինակով ցույց տվել, որ միայն ու միայն պետք է մտածել հայրենիքի մասին»,-ասել է Ա. Սարգսյանը:

Նրա խոսքով Արցախի պետական դրոշի հեղինակը հենց Արթուր Մկրտչյանն է եղել, թեև շատերը պնդում են, թե ուրիշ է հեղինակը:

Ա. Սարգսյանը վստահ է, որ եթե Ա. Մկրտչյանի նման գոնե մեկ ղեկավար ունենայինք, մենք այս վիճակին չէինք հասնի։