կարևոր
760 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-13 12:00

«Թիվ մեկ մեղավորն» ԱԺ ամբիոնից թվարկում է իր մեղքերը․ «Հրապարակ»

«Թիվ մեկ մեղավորն» ԱԺ ամբիոնից թվարկում է իր մեղքերը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում կառավարության 2021 թ. կատարողականի մասին զեկույցը ներկայացնելիս նորից անցավ ինքնախարազանման՝ խոստովանելով, որ ինքը իսկապես մեղավոր է պատերազմի ու դրա հետևանքների հարցում և ընդունում է իր մեղքն ու պատասխանատվությունը թե՛ պատերազմի, և թե՛ պարտության համար։ Բայց իրեն պետք է մեղադրեն ոչ թե հողերը հանձնելու, այլ չհանձնելու մեջ։

«Եւ ես հիմա, այո, ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է և մեղավոր եմ դրա մեջ»,-ասաց նա ու անցավ իր մեղքերի թվարկմանը։

Նա իրեն հատուկ մանիպուլյատիվ և խղճահարություն առաջացնող ոճով սկսեց թվարկել մի ամբողջ մեղքերի շարան՝ ցույց տալով, թե որ հարցում է ինքը, իրականում, մեղավոր եղել՝ այդպես էլ չընդունելով իր իրական սխալներն ու մեղքերը։

«Մեղավոր եմ, որ 2018-19 թթ․ մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք յոթ հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը։ Մեղավոր եմ, որ մեր ժողովրդին չեմ ասել, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ակնկալում է, որ մենք էլ ճանաչենք, ակնկալում է նաև, որ Ղարաբաղից հեռացած ադրբեջանցիները լիարժեք ներգրավված լինեն Լեռնային Ղարաբաղի ապագայի որոշման ու կառավարման հարցերում։ Մեղավոր եմ, որ հստակ և աներկբա չեմ ասել, որ նույնիսկ առաջարկվող մեզ համար անընդունելի սցենարներն ընդունելի չեն եղել Ադրբեջանի համար, և միջազգային հանրության ներկայացուցիչները մեզ երբեմն հստակ, երբեմն՝ դիվանագիտական եղանակով ասում էին, որ այդ ամենը հայկական կողմից ընդունվելու դեպքում դեռ պետք էր համոզել Ադրբեջանին, որ նա ընդունի։ Այս ամենը պարտավոր էի մանրամասն ներկայացնել մեր ժողովրդին, և սա չանելն էր իմ հիմնական մեղքը»,-ասաց նա։

Ապա լալահառաչ տոնով խոստովանեց, թե մեղադրանքի նման ձևակերպումն ամենևին էլ իրավիճակը մեղմացնելու փորձ չէ, այլ ընդհակառակը՝ դրանով ավելի է սրում, որովհետև հանձնելով գուցե կփրկեր հազարավոր կյանքեր, իսկ չհանձնելով, փաստորեն, հազարավոր զոհերի հանգեցրած որոշումների հեղինակ դարձավ»։