կարևոր
664 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-12 17:14

Շուրջ 7 տարի առաջ կատարված սպանության համար հետախուզվողն ինքնակամ ներկայացել է իրավապահներին

Շուրջ 7 տարի առաջ կատարված սպանության համար հետախուզվողն ինքնակամ ներկայացել է իրավապահներին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված քննչական և դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում բացահայտվել է շուրջ 7 տարի առաջ կատարված սպանության դեպքը:

Դեռևս 2014թ. սեպտեմբերի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15։10-ին, «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» աշխտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի՝ 1981թ. ծնված բնակիչ, ով ժամեր անց մահացել էր։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել էր քրեական գործ։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևան քաղաքի Նոր-Արեշ 9-րդ և 42-րդ փողոցների հատման վայրում, որի զննությամբ հայտնաբերվել էին 8 պարկուճ, արնանման հետքեր, ինչպես նաև՝ մի շարք իրեր և առարկաներ։ Առգրավվել էին դեպքի վայրում գտնվող խանութի տեսանկարահանող սարքերի տեսագրությունները, ենթարկվել զննության։

Նախաքննության ընթացքում, դեռևս 2014թ., պարզվել էր ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 45 տարեկան բնակիչ է: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել էր նաև վերջինիս պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան, որի զննությամբ հայտնաբերվել էր հանցագործության գործիք հանդիսացող «Սայգա» տեսակի հրազենը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինս, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, որպես մեղադրյալ էր ներգրավվել, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը և հայտարարվել հետախուզում։

Հիշյալ 45-ամյա տղամարդը 2022թ. ապրիլի 11-ին ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: