կարևոր
1324 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-12 15:57

Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով․ ՖՈՏՈՇԱՐՔ

Այսուհետ հայկական արտադրանքը խանութներում կառանձնանա հատուկ տարբերանշաններով․ ՖՈՏՈՇԱՐՔ

Հայկական արտադրանքը խթանելու և հանրությանը ներկայացնելու  համար Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք առևտրի կետերում և հայկական արտադրության հագուստի խանութներում իրականացնում է իրազեկման արշավ՝ բոլոր հայկական արտադրանքների դիմաց փակցնելով նոր դիզայներական տարբերակող տարբերանշաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը նշեց, որ  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը 2021 թվականին մեկնարկել էր «Made in Armenia» նախագիծը, որի նպատակն է լայն հանրությանը իրազեկել հայկական արտադրության մասին և բարձրացնել հայկական արտադրանքի վարկանիշը ՝ ներկայացնելով բոլոր որակյալ և նորարար արտադրանքները:

Նա ասաց, որ նախագծի ընթացքում հասցրել են շփվել բազմաթիվ արտադրողների, սպառողների հետ և հասկացել են, որ կա մեկ ընդհանուր խնդիր՝ դա իրազեկվածության ցածր մակարդակն է: Նախագծի գլխավոր նպատակն է ստեղծել մեկ հարթակ, որի միջոցով կարող են սպառողներն ու արտադրողները կապ հաստատել  միմյանց հետ և տեղեկանալ ամենաթարմ հայկական արտադրանքների, ինչպես նաև ծառայությունների մասին:

Գայանե Անտոնյանի խոսքով՝ «Made in Armenia» նախագծի շրջանակում նախաձեռնել են աշխատանք սուպերմարկետների և խանութների ցանցերի հետ և այժմ ունեն համագործակցություն երկու սուպերմարկետի ցանցի և մի շարք հայկական արտադրության հագուստի խանութների հետ:

«Համագործակցությունը կայանում է հետևյալի մեջ. բոլոր հայկական գնապիտակների կողքին ունենում ենք «Made in Armenia» նախագծի կողմից ձևավորված դիզայներական պիտակներ, և այդ պիտակների նպատակն է սպառողներին ուղղորդել, որպեսզի գնեն հայկականը և գնումներ կատարելիս ուշադրություն դարձնեն ապրանքի ծագման երկրին և նախապատվությունը տան հայկականին: Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է համախմբվենք մեկ գաղափարի շուրջ, այն է՝ ամուր պետության հիմքում կայուն և ամուր տնտեսությունն է, իսկ տնտեսության հիմքում զարգացած տեղական արտադրությունը»,-եզրափակեց նա:

Սուպերմարկետների և հայկական արտադրության հագուստի խանութների աշխատողների խոսքերով՝ վերջին տարիներին հայկական արտադրանքի հանդեպ ուշադրությունը զգալի մեծացել է, և  նման տարբերակող և աչքի ընկնող պիտակները նույնպես մեծ դեր ունեն: