կարևոր
1303 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-12 10:15

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ քառօրյային

Խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու ԱԺ քառօրյային

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ԱԺ նիստին հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմությունը չի մասնակցելու այս քառօրյային, և մեկնում է Արցախ ու Հայաստանի սահմանամերձ մարզեր.

«Հայաստանի և Արցախի առջև լրջագույն մարտահրավերներ են առաջացել՝ պայմանավորված միջազգային գլոբալ ճգնաժամով և Թուրքիայի, Ադրբեջանի հակահայ վարքագծով:

«Մեզ համար սակարկելի չեն Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրում նշված դրույթները, մեր տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։

Անընդունելի ենք համարում արցախյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որի դեպքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։

Համոզված ենք, որ Հայաստանի օրվա իշխանություններն անկարող են լուծել ներքին և արտաքին բազմաթիվ խնդիրներ։

Վերջին զարգացումները հաստատում են այն մտահոգությունները, որ ամեն ինչ ընթանում է ադրբեջանա–թուրքական օրակարգով։ Կա սպառնալիք Հայաստանի տարածքային ամբողջականությանը։ Վտանգված է Արցախը։ Այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» շրջանակներում մեր ժողովրդին նախապատրաստում են նոր զիջումների, նոր պարտության, նոր նվաստացման։

Ելնելով ստեղծված իրավիճակից՝ խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է, որ չի մասնակցելու այս շաբաթվա նիստերին ու քվեարկություններին, մենք մեկնում ենք Արցախ ու ՀՀ սահմանամերձ մարզեր», - հայտարարեց Օհանյանը:

Ելույթի վերջում Սեյրան Օհանյանը Արցախի դրոշը տեղադրեց ԱԺ ամբիոնին:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը նույնպես հայտարարեց, որ հիմք ընդունելով ԱԺ կանոնակարգ օրենքը, «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցելու այս քառօրյային՝ մեկնելով Արցախ՝ լինելու մեր հայրենակիցների կողքին։