կարևոր
679 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-11 15:57

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Խրամորթից տեղահանված ընտանիքներին

Ուշադրության կենտրոնում պահելով ադրբեջանական հանցավոր գործողությունների հետևանքով տուժած ընտանիքներին՝ 2022 թվականի ապրիլի 8-ին Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ համայնքից տեղահանված և Այգեստան գյուղում ժամանակավոր բնակություն հաստատած ընտանիքներին: Այս մասին հայտնում են Արցախի ՄԻՊ գրասենյակից։

Արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ գրառմանը՝ այցի շրջանակներում ՄԻՊ ներկայացուցիչներին են միացել նաև Արցախում գործող «Էմպատիա» հոգեկան առողջության կենտրոնի հոգեբանները։

Պաշտպանի ներկայացուցիչների կողմից դիտարկվել են տեղահանված և ժամանակավորապես Այգեստան գյուղում բնակություն հաստատած ընտանիքների՝ կանանց, երեխաների և տարեցների կեցության պայմանները, սնունդը, հոգեբանական վիճակը:

ՄԻՊ աշխատակազմի կողմից տեղահանվածներն իրազեկվել են ստեղծված իրավիճակում Կառավարության համապատասխան ծրագրերի մասին՝ ուղղված նրանց սոցիալ-հոգեբանական իրավիճակի մեղմացմանը։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի կողմից ներկայացվել են պետական լիազոր մարմիններին։