կարևոր
1888 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-09 17:58

Թաղավարդում նույն վիճակն է․ ադրբեջանցիները հայերենով հնչեցնում են գյուղը լքելու կոչեր, երգեր՝ ադրբեջաներենով

Թաղավարդում նույն վիճակն է․ ադրբեջանցիները հայերենով հնչեցնում են գյուղը լքելու կոչեր, երգեր՝ ադրբեջաներենով

Ադրբեջանցիները նպատակաուղղված ամեն ինչ անում են, որ թաղավարդցիները լքեն իրենց հայրենի օջախները։ Բնակչության մոտ հոգեբանական ընկճվածություն առաջացնելու նպատակով ամեն օր՝ առանց բացառության, առավոտյան նամազի ձայներն են տարածվում բնիկ հայկական Թաղավարդով մեկ, օրվա ընթացքում մի քանի անգամ էլ ադրբեջանական կլկլոցներն են ծանրացնում Թաղավարդի հաճելի օդը։

«Արդեն չեմ հիշում՝ երբվանից է, որ առավոտյան դրանց նամազի ձայներից ենք վեր կենում։ Ուղիղ ժամը 5։50 սկսում են։ 9։30-ից էլ իրենց երգերն են միացնում։ Դինամիկներով մեքենան հիմնականում մեր եկեղեցու մոտից դեպի միջնակարգ դպրոց է շարժվում։ Թաղավարդի միջնակարգ դպրոցն էլ, 18-րդ դարի եկեղեցին էլ գյուղի օկուպացված հատվածում են։ Էդտեղ ադրբեջանցիները խրամատներ են փորել։ Օրվա ընթացքում առնվազն 3-4 անգամ նույն երթուղով գնում-գալիս են՝ ամեն անգամ գյուղը լքելու կոչեր հնչեցնելով, անմիջապես հետո էլ՝ ադրբեջաներեն երգեր միացնում»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է թաղավարդցի Ռուդիկ Բադասյանը։

Կիսված գյուղի բնակիչը վստահեցնում է՝ թաղավարդցիների առօրյայի վրա թշնամու սադրանքներն ընդհանրապես չեն ազդում․ ով հողամերձ հողակտոր ունի, մշակում է, ով էլ չունի՝ այլ գործով է զբաղված։ Երեխաների առօրյան էլ առանձնապես չի փոխվել․ դասերից հետո բակում նրանց ձայներն են լսվում։

Ռուդիկ Բադասյանի տանը նաև ադրբեջանական մի քանի ալիք է հասանելի։ Ասում է՝ թշնամու լեզուն լավ գիտի․ հեռուստացույցի ալիքները փոխելիս՝ մեկ-մեկ կանգ է առնում, որ տեսնի, թե ինչ է խոսում մեր մասին թշնամին։

Բադասյանը համոզված է, որ թշնամու քարոզչությանն ու կեղծարարություններին քաջածանոթ պետք է լինենք, որպեսզի և՛ նրա թույլ կողմերն իմանանք, և՛ հեշտությամբ կարողանանք դիմակազերծել։