կարևոր
1246 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-09 16:51

Լեգիտիմության և երկիր հանձնելու իրավունք ունենալ-չունենալու մասին. Կարեն Վրթանեսյան

Լեգիտիմության և երկիր հանձնելու իրավունք ունենալ-չունենալու մասին. Կարեն Վրթանեսյան

Մեկնաբանություն էր, դարձավ գրառում... Լեգիտիմության և երկիր հանձնելու իրավունք ունենալ-չունենալու մասին: Այս մասին գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

«Նախ՝ ինչ է լեգիտիմությունը։ Հաճախ «լեգիտիմություն» ու «ընտրությունների ֆորմալ արդյունքներ» հասկացությունների միջև հավասարության նշան են դնում, բայց իրականության մեջ միշտ չէ, որ այդպես է։

Նամանավանդ «ավտորիտարոտ» ռեժիմներում հաճախ է լինում, որ իշխող ուժը ջախջախիչ հաղթանակ է գրանցում ընտրություններին, իսկ մի քանի ամիս անց հեղափոխությամբ կամ հեղաշրջմամբ սրբվում-գնում է, իսկ մարդիկ զարմանում են. «Վայ, բա էն ձեզ 58 տոկոս ձայն տվողներն ո՞ւր են, ո՞նց թե ձեր դեմ ցույց են անում»...

Այսինքն ընտրությունների ֆորմալ արդյունքը լեգիտիմության կարևոր մի մասն է միայն, բայց ոչ ՄԻԱԿԸ։

Ընդհանրապես, պետք է հասկանալ, որ լեգիտիմությունը մարդկանց գլխում է՝ թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ վերնախավերի։ Եթե մարդկանց գլխում լեգիտիմությունը խարխլվել է (նամանավանդ էլիտաների գլխում), եթե մարդիկ իրենց իշխանություններին չեն ընկալում որպես լեգիտիմ, ապա ընտրությունների ֆորմալ արդյունքների նշանակությունը նվազում է։

Երկրորդը՝ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելը, նույնիսկ արդար ընտրությունների շնորհիվ, դեռ չի նշանակում, որ ղեկավարն ունի քարտ բլանշ անելու ցանկացած բան, ինչ կամենում է։

Օրինակ՝ նա չի կարող երեխա ուտել։ Նա չի կարող երկրի բնակչության մեծամասնության կամքին հակառակ քայլեր անել։ Մեկ-երկու անգամ գուցե ստացվի, բայց հետո թարս կապուտ է լինելու։

Ըստ այդմ շատ կարևոր է շեշտելը և մարդկանց բացատրելը, որ Նիկոլն Արցախ կամ ՀՀ ցանկացած տարածք հանձնելու մանդատ չունի, եթե իրենք այն իրեն հատուկ չեն տվել։

Նաև ահավոր կարևոր է, որ երբ մարդիկ դա սկսեն հասկանալ, սկսեն խոսել այդ մասին և ուրիշներին էլ բացատրեն։

Նիկոլը չունի մանդատ Արցախի կամ ընդհանրապես Հայաստանի որևէ տարածք հանձնելու։ Ավելին, նա ունի ՀԱԿԱՌԱԿ մանդատը՝ իր երկրի տարածքը պաշտպանելու։

Այնպես որ պնդումը, թե «եթե ընտրել եք Նիկոլին, նաև ընտրել եք այն ամենը, ինչ նա ուզում է անել», ուղղակի կեղծ է։ Սուտ է։ Մանիպուլյացիա է ուղղված այն մարդկանց, որոնք երբեք չեն հետաքրքրվել քաղաքականությամբ»։