կարևոր
1735 դիտում, 1 տարի առաջ - 2022-04-09 14:02

Ռուբեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, քրեական գործը՝ անբովանդակ. փաստաբան

Ռուբեն Հակոբյանին առաջադրված մեղադրանքը շինծու է, քրեական գործը՝ անբովանդակ. փաստաբան

Հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ վարչապետին ծանր վիրավորանք հասցնելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Վերջինիս խոսքով՝ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունքներ տալուց, քանի որ հարուցված քրեական գործը և՛ բովանդակային առումով, և՛ ընդհանրապես՝ շինծու է և ընդամենն ուղղված է Ռուբեն Հակոբյանի քաղաքական գործունեության դեմ։

Փաստաբանը տեղեկացրեց, որ արձանագրել են՝ մեղադրանքի էությունը պարզ չէ, որովհետև առհասարակ պարզ չէ, թե ով է այդ անձը, ինչպես է քրեական հետապնդում իրականացնող մարմինն անձի փոխարեն որոշել, որ վիրավորանքն ուղղված է այդ անձին և ինչպես են որոշել՝ դա ծանր վիրավորանք է, թե ոչ։

«Այսօր ունենք մի իրավիճակ, որ ոստիկանությունը հարուցել է քրեական գործ՝ պարոն Հակոբյանի կողմից ծանր վիրավորանք հասցնելու կապակցությամբ, քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Մեղադրանքը շինծու է, քրեական գործը՝ անբովանդակ, սա հերթական քաղաքական հետապնդումն է՝ հերթական քաղաքական գործչի նկատմամբ այս հոդվածի շրջանակներում»,-ասաց փաստաբանը։