կարևոր
766 դիտում, 2 ամիս առաջ - 2022-04-09 13:41

Չհուսահատվել, չվհատվել, չհիասթափվել և չհոգնել. «Հրապարակ»

Չհուսահատվել, չվհատվել, չհիասթափվել և չհոգնել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հրավիրված մեծ հանրահավաքից եւ բարձրագոչ ելույթներից հետո ընդդիմությունը դեռ ոչ մի քայլ չի ձեռնարկել՝ իր նպատակին հասնելու համար, թեպետ բոլոր ընդդիմադիրները հավաստիացնում են, որ կոնկրետ ծրագրեր ունեն եւ շուտով դրանց մասին կհայտարարեն։ Անցել է չորս օր, ու դեռ ոչ մի քայլ չի իրականացվել, ծրագրերի մասին էլ որեւէ հայտարարություն չի արվել։ Իսկ հրապարակում ընդդիմադիրների ելույթներին ծափահարող ժողովուրդը սպասում է կոնկրետ գործողությունների։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը, որն այդ օրը խրոխտ ելույթ ունեցավ՝ խոստանալով, որ այս անգամ անպայման «պաշտպանելու ենք ու հաջողելու ենք», մեզ հետ զրույցում իրենց հետագա քայլերի վերաբերյալ ասաց․ «Մենք կատարում ենք նաեւ բազմաթիվ աշխատանքներ Երեւան քաղաքից դուրս՝ մեր հայրենակիցների հետ կապը պահելու, իրազեկելու, տեղեկացնելու եւ դրանով իսկ ապահովում ենք նախապատրաստական աշխատանքները հաջորդ գործողության։ Մենք հանրահավաքի ժամանակ հայտարարեցինք, որ սա մեկնարկն է փողոցային պայքարի։

Մենք նաեւ հստակ ասացինք, որ խնդրում ենք մեր քաղաքացիներին՝ գործողությունից գործողություն, հանրահավաքից հանրահավաք միավորվել՝ շարժվելու համար առաջ, որպեսզի այն օրակարգերը, որոնք Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացիների շահերից չեն բխում, որոնք Արցախի Հանրապետության շահերից չեն բխում, տեղ չունենան մեր կողքին։ Հիմա մենք հենց այդ գործողությունների մեջ ենք»,-ընդհանուր ֆրազներ ասաց Վարդեւանյանը եւ հիշեցրեց Իշխան Սաղաթելյանի հայտարարությունը, որ Երեւանից դուրս այլ համայնքներում եւս տեղադրվելու է Արցախի դրոշը։

«Եվ պատկերացրեք, օրինակ, եթե Արցախի դրոշը տեղադրվեր նաեւ իշխանական ներկայացուցիչների կողմից։ Իհարկե, դուք դրան ունեք տրամաբանական պատասխան, որ իրենք նույնիսկ խուսափում են «Արցախի Հանրապետություն» բառն ասելուց, Արցախի Հանրապետությունում ֆիզիկապես գտնվելուց եւ այլն»,- ասաց նա։

- Իշխանությունների կողմից հազիվ թե Արցախի դրոշը որեւէ տեղ կանգնեցվի, բայց Ֆրանսիայի հրապարակում Ձեր կանգնեցրած Արցախի դրոշը երեկ «Սասնա ծուռ» կամ Ազգային ժողովրդավարական բեւեռ կոչվող ուժի ներկայացուցիչները ներկել են ու դարձրել Հայաստանի դրոշ, քանզի կարծում են՝ պետք է մեկ պետություն եւ մեկ դրոշ լինի։

- Դրա վերաբերյալ արձագանքն արդեն եղել է, ու տեսել եք, որ Արցախի դրոշը վերականգնվել է նորից Ֆրանսիայի հրապարակում։ Բայց ես իրավական կոմպոնենտին չեմ կարող չանդրադառնալ, որ պատմականորեն հայ ժողովրդի երազանքն է, իհարկե, որ Արցախի Հանրապետությունը միավորվի Հայաստանի Հանրապետության հետ։ Դա յուրաքանչյուր հայի երազանքն է ու ցանկությունը։ Բայց Արցախի Հանրապետությունն ինքնորոշված միավոր է, որն ունի դրոշ՝ ինչպես ցանկացած ինքնորոշված միավոր։ Եվ դրոշի նկատմամբ նման վարքագիծն իրավական հետեւանք ենթադրող է։

- Հիմա անցնենք ձեր հաջորդ քայլերին․ առաջիկայում հանրահավաք նորից նախատեսվո՞ւմ է։

- Ես ասեմ հետեւյալը․ այս պահի դրությամբ մենք իրականացնում ենք իրազեկման, համախմբման բազմաթիվ գործողություններ, հատկապես՝ Երեւանից դուրս։ Իսկ հաջորդիվ գործողությունների, այսինքն՝ կոնկրետ հանրահավաքի, միջոցառման, ակցիայի, որեւէ այլ գործողության մասին, վստահ եղեք, կտեղեկացվեք։

- Հավանաբար, արձագանքներից նկատած կլինեք, որ այդ օրը հրապարակում հավաքված մարդկանցից շատերի մոտ հիասթափություն կար՝ նորից եկան հանրահավաքի, խոստումներ լսեցին, ու նորից նրանց ուղարկեցիք տուն։

- Ես կարող եմ մի բան ասել, որ մեր երկու ընդդիմադիր խմբակցություններից յուրաքանչյուրն իր երախտագիտությունն ու շնորհակալությունը հայտնել է հանրահավաքին ներկա գտնված յուրաքանչյուր մեր հայրենակցի։ Չափազանց կարեւոր էր իրենց մասնակցությունը եւ նման բազմահազարանոց հանրահավաքի փաստը՝ ինքնին, որովհետեւ դա ցույց տվեց հայ ժողովրդի որոշակի վարքագծի, արձագանքի, իմունային համակարգի դրսեւորում։ Դա շատ կարեւոր էր։ Հիմա էլ, առիթից օգտվելով, ուզում եմ դիմել մեր այն հայրենակիցներին, որոնք ներկա չէին հանրահավաքին՝ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով։ Այս հնարավորությունից ուզում եմ օգտվել, խնդրելով իրենց՝ իսկապես այս վիճակից դուրս գալ, թմբիրից դուրս գալ, իրապես արթնանալ եւ մասնակիցը լինել այդ գործողություններին։ Իսկ հիասթափության մասով վստահեցնում եմ Ձեզ, որ մենք մեր հայրենակիցներին կոնկրետ մեր գործողությունների հաջորդականությունը ներկայացնելու ենք, եւ ես՝ ինքս, կարող եմ ասել, որ ինձ համար չափազանց կարեւոր էր, եւ ես իմ երախտագիտությունն եմ հայտնում եւս մեկ անգամ բոլոր այն հայրենակիցներին, ովքեր ներկա էին։

- Դուք կարծում եք, որ մեր հայրենակիցները նորից կհավատան ու կգան-կմասնակցե՞ն հաջորդ հանրահավաքներին։

- Ես վստահ եմ՝ Դուք գիտեք, որ սա համառ պայքար է, սա մեկ օրվա հարց չէ, սա կոնկրետ հաջորդականությամբ եւ տրամաբանությամբ գործողություններ ենթադրող իրավիճակ է։ Եվ այստեղ ամենակարեւորն է՝ իսկապես չհուսահատվել, չվհատվել, չհիասթափվել եւ չհոգնել»։