կարևոր
2086 դիտում, 11 ամիս առաջ - 2022-04-09 12:28

ԵՊՀ-ն աշխատավարձերը բարձրացնելու համար կբարձրացնի ուսվարձը. «Հրապարակ»

ԵՊՀ-ն աշխատավարձերը բարձրացնելու համար կբարձրացնի ուսվարձը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մենք գրել էինք, որ ԵՊՀ ռեկտորն իր, պրոռեկտորների, աշխատակազմի ղեկավարի աշխատավարձերը կրկնակի եւ ավելի բարձրացրել է: Իսկ նախօրեին տեղի է ունեցել ԵՊՀ գիտական խորհրդի նիստը, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ մյուս համալսարանականների աշխատավարձերի թեման։

Մեզ պատմեցին, որ երբ խոսք է գնացել, որ ղեկավար կազմի աշխատավարձերը բարձրացան, իսկ ԵՊՀ մյուս աշխատողների աշխատավարձերը շարունակում են շատ ցածր մնալ, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ասել է, որ մի փոքր բարձրացում սպասվում է, բայց այս պահին դեռ չեն ուզում այդ մասին ասել` քննարկում են ԵՊՀ գլխավոր հաշվապահի եւ ֆինանսիստների հետ: Գիտխորհրդի անդամներին զայրացրել է աշխատավարձերի բարձրացման անորոշությունը` թանկացումների ֆոնին, եւ նրանցից ոմանք հարց են բարձրացրել, թե այդ ինչպես է լինում, որ վարչական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը կտրուկ բարձրացվել են, իսկ մյուսների աշխատավարձերի բարձրացումից խոսելիս շատ զգուշավոր են: ԵՊՀ ռեկտորն ասել է, որ իրենց աշխատավարձերը բարձրացել են վարչական աշխատողների կրճատումների հաշվին: Ընդ որում` մոտ 100 աշխատակցի կրճատման մասին է խոսվում: Մենք փորձեցինք ստուգել մեր ստացած տեղեկությունները:

ԵՊՀ արհմիության նախագահ Արմեն Ավետիսյանից հետաքրքրվեցինք, թե ճի՞շտ է, որ մոտ 100 վարչական աշխատակից է կրճատվել, եւ դրա «շնորհիվ» է հնարավոր եղել վարչական մասի աշխատակիցների աշխատավարձը բարձրացնել։ Ավետիսյանը նշեց, որ 100 հոգին կնշանակի վարչական աշխատողների 25 տոկոսը, ինչը զանգվածային ազատում կլիներ․ «Նման բան գոյություն չունի, եթե անգամ նման բան լիներ, արհմիությունը դրա համաձայնությունը չէր տա»։ Թե ամբիոնների միավորման, օպտիմալացումների արդյունքում փաստացի քանի հոգի եւ ինչքան հաստիք է կրճատվել, արհմիության նախագահն ասաց․ «Ամբիոնների հետ կապված քննարկումը երեկ է եղել՝ գիտական խորհրդում, եւ չգիտեմ, թե դրա արդյունքում քանի հաստիք կկրճատվի, որպես կանոն՝ գործատուն հարցում է ուղարկում արհմիություն, երբ հարցումներն ուղարկեն, այդ ժամանակ պարզ կլինի, գուցե հաստիքների կրճատում չլինի էլ, կարող է միայն ամբիոնի վարիչների կրճատում լինի։ Դեռ պարզ չէ»։ Ինչ վերաբերում է վարչական կազմի (ռեկտոր, պրոռեկտորներ) բարձրացած աշխատավարձերին, որը հատում է 1 մլն-ի սահմանը, Ավետիսյանն ասում է, որ արհմիության գործը ոչ թե ասելն է՝ սրա կամ նրա աշխատավարձը մի բարձրացրեք, այլ այն, որ բոլորի աշխատավարձը պետք է բարձրանա․ «Հիմա մենք քննարկման փուլում ենք, ուսումնասիրում ենք համալսարանի բյուջեն եւ հնարավորությունները եւ մենք առաջիկայում արհմիության կողմից ռեկտորին կներկայացնենք առաջարկություն, որպեսզի աշխատողների աշխատավարձերը 10-15 տոկոսով բարձրացնի»։

Թե ինչի հաշվին է բարձրանալու բոլորի աշխատավարձը, ԵՊՀ-ն ունի՞ այդքան ֆինանս, Ավետիսյանն ասաց․ «Երեկ խոսակցություն գնաց, եւ հաստատվեց, որ ուսման վարձերը բարձրանալու են, եւ դրա միջոցով հնարավոր պիտի լինի աշխատավարձեր բարձրացնել։ Ամեն դեպքում, արհեստակցական կազմակերպությունն առաջիկայում առաջարկ է ներկայացնելու ռեկտորին՝ բոլորի աշխատավարձերը բարձրացնելու համար, որովհետեւ այժմյան աշխատավարձերը ներկա գնաճին չեն համապատասխանում, պետք է բարձրանան, որ համալսարանի աշխատողները կարողանան արժանապատիվ ապրել եւ աշխատել»։

Ուսման վարձերի բարձրացումները տարբեր ֆակուլտետներում տարբեր են լինելու՝ 25 000-120 000-ի սահմանում։ Նոր «սակագինը» գործելու է սեպտեմբերի 1-ից եւ տարածվելու է միայն առաջին կուրսեցիների վրա։ ԵՊՀ կայքում հաղորդել են․ «Իրականացվել է կրթական ծրագրերի գնահատում, ինչի արդյունքում ստացվել է դրանց ինքնարժեքը, որի հիման վրա էլ կատարվել են 2022-2023 ուստարվա ԵՊՀ ուսման վարձավճարների չափերի փոփոխություններ»:  

Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նկատեց․ «Խոսվեց, որ ուսման վարձերը բարձրացվում են, որպեսզի դրանով նաեւ աշխատավարձերը բարձրացվեն։ Ես հետաքրքրվեցի՝ արդյո՞ք հաշվարկել են, թե ուսման վարձերը բարձրացնելով՝ սոցիալական լարվածությունն ինչքանով կավելանա, որովհետեւ այնպես չէ, որ այդ ուսանողների ծնողները վճարունակ են։ Երկրում նվազագույն աշխատավարձը չի բարձրացվում, թոշակները չեն բարձրացվում, բայց ուսման վարձերը բարձրացվում են, ինչը կարող է ավելացնել սոցիալական լարվածությունը»։ Մելքոնյանը հետաքրքրվել է նաեւ ուսանողական զեղչերն ավելի ճկուն ու բարձր դարձնելու մասին, ոչ թե միայն 10-20 տոկոս։  

Նա ասում է՝ դեմ չէ աշխատավարձերի բարձրացմանը, բայց այն դեպքում, եթե բարձրացվի ոչ միայն վարչական մասի (ռեկտոր, պրոռեկտորներ) աշխատավարձերը, այլեւ բոլոր դասախոսներինը։ Ինչին ի պատասխան՝ ԵՊՀ ռեկտորը նկատել է, որ վարչական մասի աշխատավարձը բարձրացել է խնայողությունների հաշվին եւ կրճատումներ (հրշեջի մի քանի հաստիք է կրճատվել)։

Նախօրեին կայացած գիտխորհրդի նիստում քննարկվել եւ հաստատման է ներկայացվել նաեւ ամբիոնների միավորման հարցը, արդյունքում մեկ տասնյակի հասնող ամբիոններ կմիավորվեն․ «Ես հարցրի՝ հիմնավորում կա՞ դրանց, թե՞ ոչ, ասացին՝ ֆակուլտետներն են առաջարկում, բայց հարց է առաջանում՝ 30 տարի ինչո՞ւ այդ ֆակուլտետներն առաջ չէին քաշում ամբիոնների միավորման հարցը, եւ ոնց եղավ, որ հիմա բոլոր ֆակուլտետները, բացի արեւելագիտականից, սկսեցին առաջարկներ ներկայացնել իրենց ամբիոնները միավորելու համար։ Ես սկզբունքորեն չեմ մասնակցել քվեարկությանը, որովհետեւ այս պրոցեսն ինձ համար կասկածելի է, եւ չկա հստակ հիմնավորում։ Պարզապես տեխնիկական ընթերցում են՝ այս ամբիոնը միացնել այս ամբիոնին, բայց տարբեր ամբիոններ են, տարբեր մասնագիտություններ, գոնե ինչ-որ հիմնավորում ներկայացրեք։ Ես դեմ չեմ նրան, որ եթե ամբիոնն անգործունյա է, կամ ավելորդ հաստիքներ կան, միացնեն, բայց ես սրա մեջ իմիտացիայի տարր եմ տեսնում, որ իբր տեսեք՝ օպտիմալացում ենք անում, արդյունքում նաեւ՝ խնայողություններ»։