Իր ֆեյսբուքյան էջում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրել է.
«Շարունակելով նախորդ գրառումը... Որպես հետևողական քաղաքական հաղորդակցում իրագործելու օրինակ դիտարկենք մեր փոքր ընկերական խմբի գործողությունները վերջին ամիսներին։
Նախ՝ անցյալ տարվա վերջին ընտրեցինք կամ ձևակերպեցինք 4 սկզբունք.
• «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» (իրականում սա 1998–2018 թթ․ հայկական արտաքին քաղաքականության հիմնական բանաձևն էր)
• «Հայաստանը թուրքական միջանցք չէ»
• «Հայոց պահանջատիրությունը սակարկելի չէ» (սա նույնիսկ ՀՀ սահմանադրության մեջ է ամրագրված)
• «Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայկական պետականության և հայ ազգի շահերը»։
Պարզ և հասկանալի։
Մեր առաջին գործողությունը դեկտեմբերյան հայտարարությունն էր այս ուղերձներով, որի տակ ստորագրեցին 11 հազարից ավելի մարդիկ։
Դրանից հետո հետևողականորեն բացատրել, խոսել ենք այս մասին հարցազրույցներում, սոցցանցային գրառումներում, որոնք տարածվում են նաև լրատվամիջոցներով։
Ապրիլի 5-ի ընդդիմության ցույցի համար հատուկ պաստառներ պատրաստեցինք այս նույն ուղերձներով, ավելացնելով նաև «Recognize Artsakh» կարգախոսը։ Ի դեպ, այս և Նիկոլի՝ որևէ բան հանձնելու մանդատ չունենալու պաստառներն անգլերեն էին, քանի որ արտաքին լսարաններին էին ուղղված։ Բացի այդ պատրաստեցինք նաև Հայաստանի և Արցախի հանրապետությունների դրոշներ։
Արդյունքում պաստառների վրա գրված մեր ասելիքը հայտնվեց լրատվամիջոցներում, այդ թվում և միջազգային։
Դրա հաջորդ օրը նույն ասելիքը հնչեցրի մեկ այլ կուսակցության կազմակերպած ակցիայի ժամանակ՝ 7–8 հեռուստաընկերությունների տեսախցիկների առաջ։
Իսկ դրա հաջորդ օրն էլ սկսեցինք «Ես Նիկոլին որևէ բան հանձնելու մանդատ չեմ տվել» ֆլեշմոբը, որը հնարավորություն տվեց շատ տարբեր անհատների ևս մենք անգամ բարձրաձայնել այն միտքը, որ Նիկոլը վարչապետ ընտրվելով Արցախը և ընդհանրապես Հայաստանից որևէ տարածք հանձնելու մանդատ չի ստացել։ Այս միտքը լավ տարածվեց, ի դեպ, նաև քննադատության և դրան կառուցողական կերպով պատասխանելու շնորհիվ, նորից հայտնվելով նաև լրատվամիջոցներում։
Այս ամենն արվել է նվազագույն ֆինանսական ծախսերով։ Օրինակ՝ ցույցի համար ծախսել ենք ընդամենը 23 հազար դրամ, որը հավաքեցինք մի քանի հոգով, առանց որևէ քաղաքական ուժի կողմից որևէ միջամտության / ուղղորդման։ Ընդ որում այդ պաստառներն ու դրոշները մնացել են ու էլի կօգտագործվեն։ (Իհարկե, ժամանակի ներդրումն ահռելի է)։
Բացի այդ այս բոլոր ամիսների ընթացքում նաև անձամբ ենք շփվել հարյուրավոր մարդկանց հետ, մտքեր փոխանակել, համոզել ու համոզվել, իրար հետ ծանոթացրել, ամենակարևորը՝ փորձել ենք հաղթահարել փոխադարձ անվստահությունը, երբեմն՝ նույնիսկ ատելությունը։
Ինչպես տեսնում եք, հարցը ՆԱԽ՝ նպատակները հստակ ձևակերպելն ու ռազմավարություն ունենալն է, ՀԵՏՈ հանրության հետ հաղորդակցման տարբեր հարթակներ, միջոցներ ու ձևաչափերւ ներդաշնակորեն օգտագործելն է։
Եւ առանց այս ծանր, բայց ծայրահեղ անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքի ոչ մի բան չի փոխվելու մարդկանց գլուխներում, նշանակում է՝ նաև երկրում։
Մարդիկ չեն միավորվելու, մարդիկ չեն նկատելու խնդիրները ու դրանց իրական պատճառները և մեղավորներին և՝ որպես հետևանք, չեն աջակցելու փողոցում պայքարողին, եթե այս նախապատրաստական բացատրական աշխատանքը չլինի»։