կարևոր
562 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-09 11:00

Ինչպե՞ս փլուզել պետությունը. Փաշինյանի էֆեկտը. Անդրանիկ Թևանյան

Ինչպե՞ս փլուզել պետությունը. Փաշինյանի էֆեկտը. Անդրանիկ Թևանյան

Ապրիլի 6–ին տեղի ունեցած բրյուսելյան հանդիպումից անմիջապես հետո կարծիք հայտնեցի, որ Արևմուտքի միջնորդությամբ, Թուրքիայի ակտիվ դերակատարմամբ, Ալիևի մասնակցությամբ ու Փաշինյանի համաձայնությամբ Ռուսաստանին մեր տարածաշրջանից դուրս մղելու, Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու և Հայաստանը կիսապետություն սարքելու գործընթաց է մեկնարկել։ Անունը դրել են «խաղաղության դարաշրջան», բայց բերում են հայաթափում ու պարտություն՝ մեռելային խաղաղություն, գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության փաստացի դադարեցման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը եկավ ամրապնդելու այդ կարծիքը։

Դատելով ամենից՝ հարավային Կովկասը վերածվում է Արևմուտք–Ռուսաստան սուր մրցակցության գոտու՝ Թուրքիայի զգալի ներգրավմամբ։ Այդ սրությունը հատկապես դրսևորվելու է Հայաստանում ու Արցախում։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական առաքելության տապալումը թուրք–ադրբեջանական զույգի օրակարգում էր տասնամյակներ շարունակ ու նրանք հիմա հասան իրենց նպատակին մեծամասամբ Նիկոլ Փաշինյանի գործունեության շնորհիվ։

Նախ Արցախի հարցում բանակցությունները Փաշինյանը 2018–ից սկսած մտցրեց փակուղի ու բերեց պատերազմ, պարտություն։ Պատերազմից հետո ամբողջությամբ սկսեց սպասարկել թուրք–ադրբեջանական օրակարգը։ Բրյուսելում էլ համաձայնելով թուրք–ադրբեջանական օրակարգին ու Արևմուտքի մոդերատորությանը՝ նպաստեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի փլուզմանը՝ Ռուսաստանին գործընթացից դուրս թողնելու հեռանկարով»։