կարևոր
1411 դիտում, 7 ամիս առաջ - 2022-04-09 10:29

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպումը Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Ապրիլի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Նախքան երկու պատվիրակությունների՝ ընդլայնված կազմով հանդիպումը տեղի է ունեցել երկու նախարարների առանձնազրույցը։

Կողմերի քննարկման հիմնական թեմաներն էին Հայաստան-Ռուսաստան երկկողմ և բազմակողմ ձևաչափերում դաշնակցային հարաբերությունների ու սերտ համագործակցության հետագա ամրապնդումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանը վերաբերող արդիական հարցեր։

Իր խոսքում նախարար Միրզոյանը նշել է, որ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակի հոբելյանական տարում կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն առանձնանում են բարձր և բարձրագույն մակարդակներում արդյունավետ երկխոսությամբ, միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում սերտ համագործակցությամբ։

ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում փոխգործակցությունը, լայն իրավապայմանագրային դաշտի հետևողական կատարելագործումը և առևտրային, տնտեսական, միջտարածաշրջանային ու հումանիտար ոլորտներում արդյունավետ գործընկերությունը: Այս համատեքստում ընդգծվել է համապատասխան միջկառավարական հանձնաժողովների գործունեությունը։

Հանդիպման առանցքային թեմաներից էին նաև Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում՝ ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ, Ադրբեջանի զինված ուժերի կողմից ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։ Այս համատեքստում ընդգծվել է ադրբեջանական զինված ուժերի՝ մարտի 23-ի դրությամբ ելման դիրքեր դուրս բերման և առկա լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի իրականացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև Արցախում հումանիտար խնդիրների հաղթահարմանը և դրանց կանխմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։

Արարատ Միրզոյանը համոզվածություն է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի արդյունավետ գործունեությունը ծառայում է ի շահ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի ամրապնդման և սադրանքների կանխարգելման, բնականոն կյանքի վերականգնման, տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման:

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության՝ բացառապես խաղաղ միջոցերով կարգավորմանն ուղղված ՌԴ՝ այդ թվում որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի միջնորդական ջանքերի կարևորությունը։

Կողմերն անդրադարձ են կատարել նաև Հայաստան֊Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Հանդիպմանը հաջորդել է ՀՀ արտաքին գործերի նախարարության և ՌԴ արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023 թթ․ համար խորհրդատվությունների ծրագրի ստորագրման արարողությունը։

Այնուհետև Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: