Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վրա բացասաբար է ազդում նաև այն, որ Ադրբեջանը հրաժարվում է ետ քաշել իր զորքերը ՀՀ տարածքից,- Մոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Ուշագրավ է, որ այս տարի մեր երկրները նշում են երկու կարևոր իրադարձություն՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն ու համագործակցության ու փոխօգնության համաձայնագրի ստորագրման 25-ամյակը։
Մեր քննարկումներն այդ առանցքի շուրջ են եղել։ Քննարկել ենք երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերը և, առաջին հերթին, մեր տարածաշրջանում անվտանգությանը վերաբերող հարցերը»,- հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Վերջինիս արձանագրմամբ՝ հայ-ռուսական համագործակցությունը պաշտպանության, ռազմաքաղաքական, ռազմատնտեսական ոլորտներում իր կարևոր տեղն ունի երկկողմ հարաբերություններում , ուստի առանձնակի ուշադրություն է դարձվել այդ մասով պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Ասուլիսի ժամանակ Լավրովը լրագրողի խնդրանքով անդրադարձել է ապրիլի վեցին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կազմակերպած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությանն առ այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը մինչև ապրիլի վերջ սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով կստեղծեն:
Լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք ՌԴ-ն մասնակցելո՞ւ է այդ գործընթացին՝ հաշվի առնելով, որ ՌԴ Գլխավոր շտաբն ունի անհրաժեշտ քարտեզները:
Լավրովն ի պատասխան ընդգծել է, որ սահմանազատման, տարածաշրջանում տրանսպորտային ուղիների ապաշրջափակման և Երևան-Բաքու հարաբերությունների կարգավորման հարցերում Մոսկվան ելնում է նրանից, որ այդ ամենի հիմքում եռակողմ պայմանավորվածություններն են, որոնք ձեռք են բերվել ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումների արդյունքներով:
«Ինչ վերաբերում է բուն սահմանազատմանը, ապա անցած տարվա նոյեմբերին Սոչիում երեք ղեկավարները համաձայնեցրել են մինչև 2021-ի ավարտը համապատասխան հանձնաժողովի ստեղծումը, ինչի մասին պաշտոնապես հայտարարվել է և հիմա արդեն դա կրկնվել է Բրյուսելում: Սակայն պարոն Միշելի տարածած հայտարարությունում նշվում է մինչև ապրիլի վերջ: Ես մեր գործընկերոջը հարցրել եմ՝ որքանով է դա համընկնում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածության հետ, պատասխանն այն էր, որ իրավիճակը միանգամայն նույն հունով է զարգանում: Շատ կցանկանայի, որ Բրյուսելում մեր եվրոպացի գործընկերները հասկանային, որ այդ հունն արդեն ստեղծված է երեք ղեկավարների կողմից 2020 և 2021 թթ., և որ նրանք այդ հունում որևէ խոչընդոտներ չեն առաջացնելու: Ուշադրությունս գրավեց, որ Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո պարոն Միշելի տարածած կոմյունիկեում ոչ մի անգամ ոչ մի տեղ չի հիշատակվում ՌԴ-ն: Դա արդեն վկայում է այն՝ ինչն է ավելի կարևոր ԵՄ ղեկավարության համար՝ զարգացնել արդեն ձեր բերածը կամ ղարաբաղյան այս թեման էլ օգտագործել սեփական ռուսատյաց գիծը ևս մեկ անգամ ընդգծելու համար: Դա ցավալի է: ՌԴ-ն երբեք իր ամենամոտ դաշնակիցների շահերը չի զոհաբերի հանուն որոշակի աշխարհաքաղաքական գաղափարների ու խաղերի:
Լավրովը անդրադարձել է նարև Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակին և ասել , որ ՌԴ խաղաղապահ զորակազմը զբաղվում է կատարվածի բոլոր հանգամանքների պարզմամբ, ինչի մասին այսօրվա բանակցություններում խոսվել է:
«Այդ հանգամանքները մեզ համար մինչև վերջ պարզ չեն: Չէի ցանկանա հիմա առաջ անցնել ու որևէ վերջնական դատողություն անել: Մենք վստահ ենք, որ մեր հայ բարեկամները ամբողջապես վստահում են ռուսական խաղաղապահ զորակազմին և երբեմն հնչող կոչերն այդ զորակազմը պատասխանատվության ենթարկելու, ինչ-որ ծառայողական հետաքննություն անցկացնելու վերաբերյալ, չեն արտացոլում հայ ժողովրդի, երկրի ղեկավարության վերաբերմունքն այն ահռելի դերակատարամանը, որը ռուսական խաղաղապահ զորակազմն ունի այդ տարածաշրջանում կայունության ապահովման հարցում: Այո, փոքր միջադեպեր տեղի են ունենում: Եվ տվյալ միջադեպի պարագայում մեր զինվորականները ուսումնասիրություն են անցկացնում, քանի որ կան բաներ, որոնք պարզման կարիք ունեն» ,-ասել է Լավրով: