կարևոր
985 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-08 17:21

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Երևանում կտեղադրվի հայ-ռուսական բարեկամության հուշարձան

Նախատեսվում է այս տարի Երևանում կանգնեցնել հայ-ռուսական բարեկամության հուշարձան: Այս մասին ասաց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում: 

Լավրովը նախ հիշեցրեց, որ ապրիլի 3-ին լրացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, այս տարի լրանում է նաև համագործակցության  և փոխադարձ օգնության մասին պայմանագրի կնքման 25-ամյակը: «Սա նշանակալի տարեթիվ է՝ մեր դաշնակցության, ռազմավարական գործընկերության համար»,-ասաց Լավրովը:

Հոբելյանին նվիրված միջոցառումների աշխատանքները հետևողականորեն իրականացվում են: ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց նաև Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի միջև առկա վստահելի, կանոնավոր քաղաքական երկխոսության մասին:

Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հանդիպմանն ընդգծել են նաև տնտեսական հարցերով միջկառավարական հանձնաժողովի լավ, համալիր, արդյունավետ աշխատանքի մասին:  Լավրովը նշեց՝ նախարարների մակարդակով, նաև խորհրդարանական մակարդակում ակտիվորեն զարգանում են կապերը: Այս ամսվա վերջին կկայանա միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ  նիստը:

«Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերը: Արտաքին առևտրում մեր մասնաբաժինը գերազանցում է 30 տոկոսը»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Անկումից հետո, որը գրանցվել էր կորոնավիրուսի պատճառով, հաջողվել է ապրանքաշրջանառությունը վերադարձնել կայուն աճի: Անցյալ տարի այն կազմել է ավելի քան  2 մլրդ 600 մլն դոլար:

Արտգործնախարարները պայմանավորվել են նաև խթանել գործարար շրջանակների ուղիղ կապերը:  Ըստ Լավրովի՝ երկու երկրները կխորացնեն համագործակցությունը նաև մշակույթի, կրթության, զբոսաշրջության, սպորտի և այլ ոլորտներում:

«Ընթացիկ տարում պլանավորում ենք Երևանում տեղադրել հայ-ռուսական բարեկամության հուշարձան»,-ասաց ՌԴ ԱԳ նախարարը:

Օրակարգում են Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացում, իսկ Հայաստանում կանցկացվեն Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր: Ռուսաստանն աջակցում է նաև Հայաստանում ռուսական դպրոցների թվի ավելացմանը: