կարևոր
874 դիտում, 1 ամիս առաջ - 2022-04-08 17:07

Վանաձորի Արցախ պուրակում բարձրացվել է Արցախի դրոշը

Վանաձորի Արցախ պուրակում բարձրացվել է Արցախի դրոշը

Արձագանքելով ապրիլի 5-ին Ազատության հրապարակում հնչեցված «Պաշտպանելով Արցախը՝ պաշպանենք Հայաստանը» կարգախոսին և հանրապետության քաղաքներում Արցախի դրոշի տեղադրման վերաբերյալ կոչին՝ այսօր 300-ից ավելի վանաձորցիներ Վանաձորի Արցախ պուրակում էին. պատմական այդ պուրակում հերթական կարևոր իրադարձությունն էր՝ Արցախի Հանրապետության դրոշի տեղադրումը։

Համազգային Դիմադրության շարժման շրջանակներում նախաձեռնված միջոցառումն անցկացվեց հայրենասիրական ոգեշնչող երաժշտության ներքո, խոսք ասացին ՀՀ ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, Վանաձորի Ավագանու «Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը, ասմունքով հանդես եկավ պոեզիայի թատրոնի արտիստ Հրաչուհի Լոռեցյանը։

Ներկայացնում ենք ՀՅԴ Լոռու մարզային կառույցի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը․

«Սիրելի՛ վանաձորցիներ

Այսօր արդեն փաստ է, որ օրվա իշխանությունները, խաբելով ժողովրդին, սուտ խոստումներով եկան իշխանության։ Խոստացան ավելի բարեկեցիկ կյանք, բայց պարզվեց՝ միայն իրենց համար: Խոստացան ավելի բարեկեցիկ կյանք, բայց ժողովուրդն օր-օրի ավելի է ճկռում վարկային բեռի տակ, օր-օրի ավելի է զգում թանկացումների ազդեցությունը իր ընտանիքի վրա։ Խոստացան ժողովրդավարություն, ասել է, թե ժողովուրդը էապես ազդելու է իր իսկ կյանքի վերաբերյալ որոշումների կայացմանը, սակայն այսօր վանաձորցու ընտրության արդյունքները հայտարարում են ոչ կայացած և ուզում են միանձնյա որոշել, թե ով է լինելու Վանաձորի քաղաքապետը, սկզբի համար որպես ԺՊ։ Լսի՛ր, Փաշինյան, վանաձորցին ընտրել է իր ավագանուն և ոչ ոք իրավունք չունի վանաձորցու ընտրությունը արհամարհել։

Խոստացան խաղաղություն, Արցախը Հայաստան է և վերջ, բայց բերեցին պատերազմ, բերեցին զոհեր ու Արցախի 75% -ը հանձնեցին թշնամուն։

Սիրելի՛ վանաձորցիներ

Մենք այսօր հավաքվել ենք այստեղ, Վանաձորի Արցախ հրապարակում, որպեսզի տեղադրենք Արցախի Հանրապետության դրոշը և դրանով իսկ փաստենք, որ տեր ենք Արցախին, որ տեր ենք Հայաստանին, տեր ենք Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։

Մենք Արցախ պուրակում տեղադրում ենք Արցախի Հանրապետության դրոշը, որպեսզի փաստենք, որ վանաձորցին հայ ժողովրդի հետ համախմբված է Արցախի ճակատագիրը որոշելու հարցում։ Վանաձորցին շատ լավ գիտակցում է, որ Հայաստանի լինելության հարցը կախված է Արցախի ճակատագրից և ամեն օր նոր զիջումների գնով կեղծ խաղաղության թեզին վանաձորցին չի հավատում ու չի հավատացել։ Այս դրոշի տեղադրումով վանաձորցին փաստում է, որ սուտ ու կեղծ են այն պնդումները, թե հայ ժողովրդին Արցախը չի հետաքրքրում։

Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք, որ այս իշխանությունը չունի լեգիտիմ իրավունք՝ երկիրը զիջումների տանելու։ Վանաձորցին և հայ ժողովուրդը նրան այդ մանդատը չեն տվել։

Այս հրապարակում Արցախի դրոշի տեղադրումն ունի իր խորհուրդը. այստեղից է վանաձորցին սկսել ղարաբաղյան շարժումը, այստեղից է վանաձորցին պայքարել հանուն Արցախի, Արցախի դրոշի, հանուն եռագույնի, հանուն միասնության և վաղվա հաղթանակի։ Եվ մենք այստեղից նորից հավաստում ենք. Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին տեր լինելու Արցախին, Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին տեր լինելու Հայաստնանին, Վանաձորցին ոտքի՛ է՝ հայ ժողովրդի հետ միասին պաշտպանելու մեր հայրենիքը։

Վանաձո՛ր, ոտքի՛, Արցա՛խ, ոտքի՛, Հայաստա՛ն, ոտքի՛»։